Քաղաքականություն

Արգիշտի Քարամյանը չի բացառում իր նշանակվելը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

3 րոպեի ընթերցում

Արգիշտի Քարամյանը չի բացառում իր նշանակվելը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը չի բացառում կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար իր նշանակվելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Քարամյանն ասաց ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում:

«Չեմ բացառում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելս: ՊՎԾ-ն անմիջականորեն վարչապետին ենթական մարմին է, ինչպես նա որոշի, այդպես էլ կլինի: Ես շատ բարձր եմ գնահատում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին, և նա այս պահին շարունակում է մնալ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, և այս պահին քանի որ նա այդ ծառայության ղեկավարն է, իսկ մենք` աշխատակիցներս մեծ հույս ունենք, որ նա կվերադառնա ու կղեկավարի այս կառույցը»,- ասաց Քարամյանը:

Անդրադառնալով Սանասարյանի նկատմամբ քրեական գործին` Քարամյանը զերծ մնաց գնահատականներ տալուց:

«Քանի որ կա քրեական գործընթաց, ինձ թույլ չեմ տա որևէ գնահատական տալ: Կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ պարոն Սանասարյանին, և կարծում եմ, որ նա բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության ու անաչառ տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»,- ասաց Արգիշտի Քարամյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվում պաշտոնանկ անել՝ հարգելով անմեղության կանխավարկածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում