ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,- ասաց Բադասյանը։
Հարցին, թե երբվանի՞ց է անցակետը սպասարկելու այդ քաղաքացիներին, Բադասյանը պատասխանեց.«Չգիտեմ, քաղաքական որոշում պետք է լինի»։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո Հայաստանի կառավարությունը սկսեց Մարգարայի անցակետի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն ամբողջությամբ ավարտվել են։ Սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս կյանքի չի կոչվել։