Հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շուկայով. Տաթևիկ Ռևազյանի հարցազրույցը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ակտիվ քայլեր է ձեռնարկում հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելու առումով: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց վերջին բանակցությունների արդյունքները, անդրադարձավ ոլորտում իրականացվող ծրագրերին և խնդիրներին:

-2018 թվականի հուլիսին դուք ստանձնեցիք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում ձեր ծավալած գործունեության գլխավոր ձեռքբերումը ո՞րն եք համարում:

-Իմ նպատակն այն էր, որ ավիացիայի ոլորտում քարտեզի վրա Հայաստանն ավելի տեսանելի դարձնեի: Խնդիր էի դրել, որ ավիացիայի ոլորտի ղեկավար անձինք ճանաչեն մեր երկիրը, իմանան, թե ով ենք մենք, ինչ հնարավորություն ունի մեր պետությունը: Իմ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի արդյունքում ես կարող եմ ասել, որ հասել եմ դրան: Օրերս, աշխատանքային այցով Սինգապուրում էի, որտեղ կայացած կոնֆերանսին 80 երկրից 120 ղեկավար էր մասնակցում: Նրանցից շատերի հետ ես շփումներ ունեցա ներկայացրեցի մեր երկիրը, մեր հնարավորությունները: Կոնֆերանսին խոսում էինք ավիացիայի ապագայի մասին, ես նշեցի, որ եթե մենք խոսում ենք ավիացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառության մասին, ապա առաջին հերթին պետք է քաղավիացիայի ղեկավարներին կրթել, որովհետև շատերը իրազեկված չեն: Իմ խոսքից հետո, նշվեց, որ նոր գաղափարները կարող են Հայաստանի նման երկրներից գալ: Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանին չդիտարկեն մի երկիր, որին անընդհատ պետք է օգնել: Ցանկանում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք նոր գաղափարներով, նոր առաջարկություններով հանդես գալ: Մենք պետք է նաև նախաձեռնող լինենք, համագործակցենք առաջատար երկրների հետ, ծանոթանանք փորձին:

-Երկրորդ կարևոր գործը, որի մասին նշել էիք, հայկական ավիաշուկա նոր ավիաընկերություններ ներգրավելն էր: Այս օրերին տեղեկություն եղավ այն մասին, որ «Ryanair»-ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա: Դուք նոր եք վերադարձել գործուղումից, ի՞նչ նորություններ կներկայացնեք:

- Մինչ Սինգապուր գնալը, ես եղա Հնդկաստանում: Իմ այցելության նպատակը պարզ էր՝ աշխատել տեղի ավիաընկերությունների հետ, որպեսզի չվերթներ իրականացնեն դեպի Երևան՝ այն դիտարկելով որպես տարանցիկ գոտի: Արձագանքը դրական էր, կարող եմ ասել, որ հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ավիաշուկայով: Մասնավորապես, քննարկումներ ունեցանք «Ինդիգո» ավիաընկերության հետ: Հետաքրքրված եմ հնդկական շուկայով, որովհետև այն շատ արագ աճում է: Մոտակա 10 տարին 70 նոր օդանավակայան են կառուցելու, ու այդ աճը մի ուղղությամբ գնալու է, այն չի մնալու Հնդկաստանում: «Times of India» պարբերականը հոդված էր գրել այն մասին, որտեղ խոսվում էր, թե «Ինդիգո» ավիաընկերությունը դեպի Եվրոպա Բաքվի՞, թե Թբիլիսիի տարածքով է թռչելու: Ինձ համար զարմանալի էր, թե ինչու Հայաստանը չեն դիտարկում: Երբ արդեն քննարկումների մեջ էինք, պարզ դարձավ, որ շատ վաղուց կնքված մի միջպետական պայմանագիրն է խանգարում, որը որոշ սահմանափակումներ է սահմանում: Մենք պարզաբանեցինք, որ դրանք փոփոխության ենթակա են, իրականում ոչ մի խոչընդոտ չկա, որ «Ինդիգո»-ն դեպի Եվրոպա չվերթներ իրականացնի Երևանով: Այս ընկերությանը ներկայացրեցինք հայաստանյան ավիաշուկայի բիզնես հնարավորությունները: Երբ իրենք Երևանով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնեն, դա կլինի նաև մրցակցություն «Ryanair»-ին, ինչը շատ դրական է: Այդ մրցակցությունը կբերի ավիատոմսերի նվազմանը: Ի դեպ, եթե «Ինդիգո»-ի հետ գործարքը հաջողվի, այս ավիաընկերությունն ամեն օր է չվերթներ իրականացնելու:

Ասեմ, որ «Go Air» ավիաընկերության հետ ունեցանք հետաքրքիր քննարկում: Իրենց ռազմավարությունն ավելի շատ հիմնված է զբոսաշրջության վրա: Դրա համար նրանք հետաքրքրված են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներով: Մեր Զբոսաշրջային կոմիտեի հետ համագործակցությամբ ավիաընկերությանը կուղարկենք հետաքրքիր փաթեթներ՝ հասկանալու, թե դրանք որքանով են հետաքրքրում հնդիկներին: Ասեմ, որ «Go Air» ավիաընկերության ղեկավարությունն առաջիկայում պատրաստվում է գալ Հայաստան:

Ի դեպ, մի ուղղությամբ էլ աշխատանք ենք տանում՝ ներգրավելու ներդրումներ Հայաստանի ավիաշուկայում: Այստեղ կան խմբեր, որոնք ցանկանում են ստեղծել տեղական ավիաընկերություն: Շատերը պարզ ասել են, որ միայն հայկական կապիտալով դա անելը շատ դժվար կլինի: Դրա համար մենք հնդկական ընկերություններին ներկայացրեցինք նաև այս հնարավորությունները, և միգուցե իրենց հետաքրքիր լինի հայաստանյան ավիաընկերության մեջ ներդրում անելը: Այս համատեքստում Հնդկաստանից բացի աշխատում ենք այլ ուղղություններով ևս: Այստեղ մեր երկիրը շահեկան է, որովհետև ավիացիայի ոլորտի մեր ներուժը դեռ ամբողջությամբ չենք իրացրել, այսինքն՝ աճող շուկա ենք այդ տեսանկյունից: Ի դեպ, դա արձանագրել են միջազգային ուսումնասիրությունները, որոնց արդյունքները հասանելի են ավիացիայի ոլորտի որոշում կայացնողներին: «Ryanair to Armenia. CIS-to-W Europe» ուսումնասիրությունը կատարել է միջազգային «CAPA» ընկերությունը, որն աշխարհում ամենաուժեղ և վստահելի աղբյուրն է ավիացիայի վերլուծության ոլորտում:

-Նման ավիաընկերությունների մուտքը Հայաստանի շուկա, որքանո՞վ կնպաստի տոմսերի գների նվազմանը, որովհետև մինչ այսօր տեսնում ենք, որ, կարծես, այդտեղ էական փոփոխություններ չկան:

-Ռումինական ավիաընկերությունն է մուտք գործել մեր շուկա, հուսամ մրցակցության պայմաններում փոփոխություններ կտեսնենք: Իհարկե, պարզ է, որքան ավելի շատ ավիաընկերություններ մուտք գործեն մեր շուկա, այդքան ավելի շատ կլինի մրցակցությունը, ինչն էլ իր հերթին կբերի գների նվազմանը: Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

-Ժամանակին խոսվում էր այն մասին, որ հայաստանյան շուկա մուտք գործող ավիաընկերությունները խնդիր են համարում օդանավակայանում օդանավերի համար սահմանված գները: Այս ուղղությամբ ի՞նչ է արվում:

-Այստեղ կարող եմ ասել, որ նոր ուղղությունների դեպքում, որոնք ավելի ռիսկային են, օդանավակայանը պատրաստ է ավիաընկերությունների համար ավելի լավ պայմաններ տրամադրել:

-Իսկ լոուքոստերների հետ կապված «Զվարթնոց»-ին կարո՞ղ է այլընտրանք լինել Շիրակի օդանավակայանը: Եվ հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելով՝ արդյո՞ք դիտարկվում է օդանավակայանների հնարավորությունների մեծացումը:

-Այո, Շիրակի օդանավակայանն այլընտրանք կարող ենք դիտարկել: Երբ գնացինք « Ryanair»-ի հետ բանակցությունների, ամբողջ մեր բիզնես փաթեթի հիմքում Շիրակի օդանավակայանն էր: Դրա հետ մեկտեղ պարզ ասեմ, որ ավիաընկերությունները դժվար թե մենակ Գյումրիով հետաքրքրվեն: Ինչ վերաբերում է օդանավակայանների հնարավորությունների մեծացմանը, ապա «Զվարթնոց»-ը թերևս ավելի մանրամասն կներկայացնի, սակայն ասեմ, որ, այո, նման հարց քննարկվում է:

-Ազգային ավիափոխադրող ունենալու առնչությամբ առկա են տարաձայնություններ: Կցանկանայի այս հարցի հետ կապված լսել Ձեր մասնագիտական կարծիքը: Ըստ Ձեզ՝ մեր երկիրը պետք է ունենա ազգային ավիափոխադրող:

-Մեզ անհրաժեշտ է տեղական ավիափոխադրող, երբ օդանավերը բազավորվեն Հայաստանում, որ մեր հայ օդաչուները վերադառնան և սկսեն աշխատել մեր երկրում: Ազգային փոխադրողը կոնցեպտ է, որը ստեղծվել է 40-ական թվականներին, երբ կառավարությունն էր որոշում, թե ինչ ուղղություններով ավիաընկերությունը թռիչքներ կատարի, որովհետև դա երկրի ռազմավարության համար էր կարևոր, սակայն այն ոչ շահավետ էր: Եթե հարուստ պետություն լինեինք, միգուցե դիտարկվեր այդ գաղափարը, բայց իմ կարծիքով մենք ամեն լուման պետք է շատ զգույշ ծախսենք: Ազգային փոխադրողները շատ հաճախ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում: Ես չէի ուզենա մենք հետ գնայինք: Ես կողմ եմ, որ մենք ունենանք հայկական ավիաընկերություն, որի ինքնաթիռները բազավորվեն Հայաստանում: Ամեն ինչ անում եմ, որ դա ստացվի:

-Ինդոնեզիայում, Եթովպիայում ավիավթարներից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը որոշում կայացրեց դադարեցնել Boeing 737 մակնիշի ինքնաթիռի թռիչքները: Ժամկետների սահմանափակումները մինչև ե՞րբ են սահմանված:

-Սահմանափակումներն անժամկետ են, քանի դեռ խնդիրը չի լուծվել, թռիչքների դադարեցման մասին որոշումն ուժ մեջ է: Երբ ես Սինգապուրում էի, եղել եմ «Բոինգ»-ի գրասենյակում, ծանոթացել եմ, թե ինչ աշխատանքներ են տանում: Մենք հետևում ենք, թե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ինչ որոշումներ է կայացնում, որովհետև իրենք են ԱՄՆ-ի քաղավիացիայի հետ շփման մեջ, մինչև իրենք արգելքը չհանեն, մենք ոչ մի քայլ չենք անելու:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում