Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

«Արմենպրես»-ը ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին խոսել է հայկական պատվիրակության անդամների հետ:

«ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակացույցը և թեմաները բազմազան են և բոլորն այս կամ այն կերպ առնչվում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Եվ մեր պատվիրակության անդամները խոսելու են ոչ միայն մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից՝ Հայաստանի համատեքստում, այլ ընդհանրապես համաեվրոպական և համամարդկային համատեքստում»,-ասաց հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, անցկացված ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման և ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին: Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները ևս կլինեն նմանատիպ։

Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևորեց հատկապես նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի զեկույց, որը վերաբերում է ռասիզմին, անհանդուրժողականությանը և այլակարծությանը՝ հատկապես երկրների պաշտոնյաների, քաղաքական գործիչների ելույթներում և հռետորաբանության մեջ: Եվրոպայի խորհրդի կողմից հստակ հանձնարարականներ են եղել անդամ պետությունների ղեկավարներին՝ մշակել էթիկայի կոդեքսներ քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմը, անհանդուրժողականությունը զսպելու համար:

Զոհրաբյանն իր ելույթի համար նախանշել է երեք թիրախներ: «Քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմի և անհանդուրժողականության խոսքի հռետորաբանության կոնտեքստում ես շատ լուրջ ասելիք ունեմ: Ես բնականաբար բարձրացնելու եմ նաև վերջերս Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: Չնայած նա քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանի կողմից գնահատվել է որպես դիվերսանտ ու դատապարտվել նման բարձր պատժաչափի»,-ասաց նա:

Զոհրաբյանը բարձրացնելու է նաև Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 8-ին Ստրասբուրգում:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին