Հասարակական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծ է դրել շրջանառության մեջ

2 րոպեի ընթերցում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծ է դրել շրջանառության մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մանրամասներ ներկայացնելով նախածից:

«Ինչպես և խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ:

ՀՀ Քրեական օրենսգիրք

Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

  1. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

  2. Նույն արարքը, որը կատարվել է

    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

    2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,

    3) շահադիտական դրդումներով,

    4) առանձին դաժանությամբ,

    5) խուլիգանական դրդումներով,

    6) անչափահասի ներկայությամբ՝

    պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:

  3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- գրել է Զոհրաբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում