Սոցիալական հարցեր

Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029- համալիր ծրագրի նախագիծն ուղղված է բոլոր երեխաների իրավունքների պաշտպանությանը

3 րոպեի ընթերցում

Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029- համալիր ծրագրի նախագիծն ուղղված է բոլոր երեխաների իրավունքների պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում օրենսդիր և գործադիր մարմինների, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր շահագրգիռ կողմերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ոլորտային քաղաքականության հիմքում կարևորելով երկարաժամկետ գործողությունների մշակումն ու իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երեխայի լավագույն շահի ապահովմանը, նրանց տրամադրվող ծառայությունների մատչելիությանն ու հասցեականությանը, երեխայի կյանքի ու զարգացման իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանների հասանելիությանը։

«Նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց առնչվող խնդիրների լուծման վրա, սակայն 2024-2029 թթ․ համալիր ծրագիրը միտված է նպաստավոր պայմաններ ապահովելու բոլոր երեխաների իրավունքների իրացման համար՝ ներառման, հավասարության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա։ Ըստ այդմ, ծրագրով սահմանվում են 0-18 տարեկան բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները․ այն ուղղված է բոլոր երեխաների իրավունքների լիարժեք իրացման համար հավասար պայմանների ստեղծմանն ու նրանց ներուժի ներդաշնակ զարգացման ապահովմանը»,- նշել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում ելույթ են ունեցել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը, սկզբունքները, կառուցվածքը և տեսլականը։ Նախարարի տեղակալը խոսել է նաև ծրագրով սահմանված նպատակների, ակնկալվող հիմնական փոփոխությունների տեսլականի վերաբերյալ։

Նշվում է, որ քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կարծիքներ ու առաջարկներ քննարկված թեմաների վերաբերյալ։  

Համալիր ծրագիրը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ»-ի (UNICEF) համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում