Կրթություն

Հայաստանում կներդրվի օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կներդրվի օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներն այսուհետ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են դիմել էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշումն ընդունվել է գործադիրի օգոստոսի 1-ի նիստում` փոփոխություն կատարելով  ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-ն որոշման մեջ:

Փոփոխությամբ սահմանված է ներդնել փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.emis.am համակարգ՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմումների փաստաթղթերի ներկայացման համար:

Համակարգի կիրառումը նպատակ ունի դյուրինացնել անձնական գործերը վարելու և հաշվառելու ընթացակարգերը: Նոր էլեկտրոնային համակարգը  հնարավորություն կընձեռի ներգրավելու օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնելու աշխարհագրությունը, ավելացնելու օտարերկրյա ուսանողների թիվը: Համակարգում նախատեսվող ՀՀ ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվությունն օտարերկրացիների համար գրավիչ և տեսանելի կդարձնի ՀՀ ուսումնական հաստատությունները, առաջարկվող ծառայությունները (կրթական աստիճաններ, մասնագիտություններ, ուսուցման եղանակներ և լեզուներ, ուսման վարձավճարներ և այլն): Արդյունքում կբարձրանան ՀՀ կրթական համակարգի միջազգային գրավչությունն ու հեղինակությունը: 

Փոփոխություններով նախատեսված են օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ցանկում ներառել նաև առողջության ապահովագրության փաստաթուղթ, ծննդյան կամ մկրտության վկայական՝ պարզեցնելով փաստաթղթերի հաշվառման գործընթացը: Սահմանվում է նաև ուսումնական հաստատության կողմից օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի՝ բանկային հաշվեհամար ունենալու  և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջ:

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմում-հայտերի ներկայացման dev-fs.emis.am համակարգն այժմ գտնվում է տեխնիկական փորձարկման փուլում, շահագործման վերաբերյալ մանրամասները կտեղեկացվեն լրացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում