Հասարակական

Արտակ Զեյնալյանի համոզմամբ, պետական ծառայությունները քաղաքացիներին մոտեցնելով, շահում է պետությունն ու քաղաքացին

2 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանի համոզմամբ, պետական ծառայությունները քաղաքացիներին մոտեցնելով, շահում է պետությունն ու քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 1-ին ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և քննարկել Կառավարություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: «Հայփոստ»-ը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներից է, որը մատուցում է 67 պետական ծառայություն:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ Խուան Պաբլո Գեչիջյանը ներկայացրել է այս ոլորտում զարգացման իրենց տեսլականը և Հայաստանում գործող «Հայփոստ»-ի բոլոր գրասենյակների կողմից պետական ծառայություններ մատուցելու հնարավորությունները:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հետաքրքրված է այս ինստիտուտի զարգացմամբ՝ ընդգծելով, որ պետական ծառայությունները քաղաքացիներին մոտեցնելով շահում են և՛ պետությունը, և՛ քաղաքացին: «Շահագրգռված ենք համագործակցությունը խորացնելու հարցում, հաստատում եմ ոլորտը զարգացնելու վերաբերյալ մեր հանձնառությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Միասնական գրասենյակներում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող մի շարք ծառայություններից:

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում