Հայաստան-Արցախ հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն իր բնույթով աննախադեպ է և ազդարարում է հայկական երկու հանրապետությունների հարաբերությունների որակապես նոր փուլ թևակոխելու մասին: Հանդիպման ժամանակ բարձրաձայնվեցին մի շարք կարևոր թեզեր, որոնք, ըստ էության, անկյունաքարային են դառնալու հետագա համագործակցության համար: Ստորև անդրադառնանք բարձրաձայնված հիմնական թեզերին:

Ներքին ինտեգրման և կոնսոլիդացման հետագա ամրապնդումը դիտարկվում է որպես ազգային անվտանգության խնդիր

Երկու հանրապետությունների ներքին կոնսոլիդացման հետագա ամրապնդումը դիտարկելով որպես գերակա ազգային անվտանգության խնդիր՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները նախաձեռնեցին իր նախադեպը չունեցող ձևաչափով հանդիպում, որի նպատակն է հասնել կողմերի միջև ընկալումների և մոտեցումների հնարավորինս ներդաշնակեցման՝ միևնույն ժամանակ վերջ դնելով Հայաստան-Արցախ հարաբերությունների վերաբերյալ առկա տարաբնույթ շահարկումներին: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ոչ միայն այս ձևաչափով հանդիպումների շարունակականությունը, այլ նաև տարբեր մակարդակներով իրականացնել ներքին ինտեգրման ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր:

Արցախի Հանրապետության սուբյեկտության բարձրացումը համարվում է առանցքային խնդիր

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում Հայաստանի գործող իշխանություններն առանցքային խնդիր են համարում հայկական երկրորդ հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը: Այս նպատակին հասնելու համար բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությանն ապահովելուց բացի, անհրաժեշտ է նաև փորձել Արցախի ձայնը լսելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում: Թերևս այս նպատակին կարող է ծառայել Արցախի ուղղակի կամ անուղղակի երկխոսությունը միջազգային տարբեր կառույցների հետ, օրինակ, դիտորդի կամ որևէ այլ կարգավիճակով Արցախի ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում, վերջինիս մասնակցությունն իրեն վերաբերող թեմաներով քննարկումներին և այլն:

Անհրաժեշտ է ունենալ համագործակցության համազգային օրակարգ

Համատեղ նիստի ժամանակ կողմերը հստակ բարձրաձայնեցին համազգային օրակարգը հստակեցնելու անհրաժեշտության մասին, որի կարևոր մաս է լինելու Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Նման շեշտադրումները կարևոր ազդակ են այդ թվում նաև Սփյուռքի կազմակերպչական կառույցների համար՝ իրենց առաջնահերթություններում իրականացնելու որոշակի վերանայումներ: Ուստի, նպատակահարմար է, որ համազգային օրակարգի ձևավորմանն ուղղված հետագա քայլերում դիտարկվի նաև Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության հնարավորությունը:

Ամփոփելով՝ կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ այս ձևաչափով հանդիպումն աննախադեպ էր, և փաստում է այն մասին, որ հայկական երկու հանրապետությունները շարունակում են գերակա դիտարկել ազգային կոնսոլիդացման հրամայականը և գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/11/26

Ասիական ինդեքսներ - 06/11/26

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսական աճի հնարավոր դանդաղման չափը

Եվրոպայում ավիահաղորդակցությունը կրկին թիրախավորվել է նոր սպառնալիքներով

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա