Պաշտոնական

Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են՝ ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքների մասին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում