Մշակույթ

Ռուբեն Բաբայանը թատրոնների եկամուտների ավելացման լավագույն միջոց է համարում մեկենասությունը

5 րոպեի ընթերցում

Ռուբեն Բաբայանը թատրոնների եկամուտների ավելացման լավագույն միջոց է համարում մեկենասությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային հաստատությունների աշխատանքի արդյունավետությունը չի կարող չափվել դրանց սեփական եկամուտների ավելացմամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրին, որում առաջարկվում է ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թանգարանների, թատրոնների և այլ մշակութային հիմնարկների սեփական եկամուտներն ավելացնելու նպատակով:

«Եկամուտներ ավելացնելու ամենաժամանակակից մեթոդն աշխարհում գործում է մոտավորապես 2100 տարի: Այն կոչվում է մեկենասություն: Ավելի ժամանակակից, ավելի հզոր բան մարդկությունը դեռ չի մտածել: Երբեմն սահմանափակում ենք «մեկենասություն» հասկացությունը՝ այն զուտ ֆինանսավորում հասկանալով: Իրականում դա այդպես չէ. հովանավորչությունը հասարակության, բիզնեսի, պետական պաշտոնյայի կապն է արվեստի հետ, գիտակցումն է, թե ինչու է պետք մշակույթը»,-շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ մշակույթի վերաբերյալ Կառավարության ծրագիրը գեղեցիկ է գրված, բայց դրանք ընդամենը լավ ցանկություններ են: «Կուզեի մի պարզ պատասխան ստանալ, թե ինչու է անհրաժեշտ մշակույթը մեր երկրին և ժողովրդին: Ես ունեմ դրա պատասխանը, որը գուցե սխալ է: Ըստ իս՝ աշխարհում ամեն ինչ գտնվում է մրցակցային դաշտում՝ և՛ երկրները, և՛ ժողովուրդները, և՛ այս կամ այն ոլորտը: 21-րդ դարում մրցակցության մեջ շահում է ո՛չ զենքը, ո՛չ արդյունաբերությունը, շահում է այն երկիրը, այն ժողովուրդը, որն ունի որակ: Հասարակության որակյալ մեծամասնությունը միշտ շահում է, որովհետև որակյալ մեծամասնության պահանջը շատ բարձր է, և այդ բարձր պահանջը պարտադրում է, որ ամեն ինչ լինի շրջապատում բարձրորակ»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Բաբայանի համոզմամբ՝ մենք հաճախ գեղեցիկ բառեր ենք ասում այն մասին, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, ինչքան հրաշալի է և այլն, բայց այդպես չէ, և դա շատ վտանգավոր գնահատական է, որովհետև, երբ դադարում ես զարգանալ, դադարում ես սովորել, դադարում ես պահանջներդ բարձրացնել, որակն ընկնում է: «Ի՞նչն է, ո՞վ է ապահովում այդ որակը. միայն կրթությունը չէ: Հաճախ կրթված սրիկաներ են եղել, որոնք կարողացել են կործանել աշխարհը:

Մշակույթը հնարավորություն է հասկանալու ինքդ քեզ, քո շրջապատը, աշխարհը, որում ապրում ես, չխանգարել ուրիշին՝ քո հարևանին, ընկերոջդ: Սա մշակույթ է, որն ունի հասարակական մեծ նշանակություն: Հաճախ այն ձևակերպվում է որպես ժամանց, բայց այդպես չէ: Մշակույթը կարող է ունենալ ժամանցի տարրեր, բայց դրա խնդիրն ավելի մեծ է, և յուրաքանչյուր պետություն պետք է տարանջատի, թե որն է ժամանցը, որը մշակույթը»,- ասաց Բաբայանն ու հավելեց, որ ժամանցը կարող է ինքն իրեն ֆինանսավորել, բայց թատրոնի, թանգարանի, դասական երաժշտության առաջ ավելի շատ վաստակելու խնդիր դնելն այն չէ:

«Այո, բոլոր ժամանակակից մեթոդները պետք է օգտագործել՝ տոմսերի առցանց վաճառք, գովազդ, համատեղ միջոցառումներ, նախագծեր, այն, ինչ կոչվում է պրոդյուսերական աշխատանք: Դա օգնում է գործն ավելի լավ կազմակերպել, մի քիչ ավելի գումար վաստակել, բայց մենք ունենք խնդիր՝ կապել մշակույթը հասարակության հետ, հասկացնել, որ այս մշակույթն ուրիշի համար չէ, մեր հասարակության համար է, և այս մշակույթի շնորհիվ է բարձրանալու հասարակության որակը»,-ընդգծեց թատրոնի տնօրենը:

Խոսելով Կառավարության ծրագրի մեկ այլ կետի՝ ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման մասին՝ Բաբայանը կրկնեց, որ նպատակը շատ լավն է, բայց բարի նպատակով հաճախ դժոխքի ճանապարհն է կառուցված: «Ասենք՝ ես ուզում եմ բեմադրել մի շատ լավ գործ, օրինակ՝ «Համլետը», ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիսատես այն դիտելիս հասկանա, որ այդ պատմությունը նաև իր մասին է, որ մարդը կանգնած է ընտրության առաջ՝լինել, թե չլինել, դուրս գալ կռվի, թե համակերպվել շրջապատող միջավայրի հետ: Ես ուզում եմ դա ասել իմ բեմադրությամբ, բայց հարց է առաջանում, թե ինչպե՞ս: Բազմաթիվ հրաշալի գաղափարներ են մնում թղթի վրա, չիրագործված, որովհետև մենք չգիտենք մեխանիզմները: Կարծում եմ, որ պարտադիր չէ, որ Կառավարության ծրագրում մեխանիզմները մանրամասն նկարագրվեն, բայց այն, որ առանց դրանց ամեն ինչ կմնա որպես սիրուն խոսք, դա միանշանակ է:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում