ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»,-հավելել է Արման Մուսինյանը:
Փետրվարի 6-ինՀՔԾ-ն չէր մեկնաբանել նույն գործի շրջանակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: