Տնտեսություն

Փոխվարչապետը վստահեցնում է՝ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը կառավարության առաջնային նպատակներից է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության համար առաջնային նպատակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին Երևանում «ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի» ներկայացմանն այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը: Հետևապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը մեզ համար առաջնային նպատակ է: Դրան հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության սկզբունքների բազմակողմանի ներդրումն է»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նկատեց՝ թեև Հայաստանն այդ գլոբալ համայնքում նորեկ է, սակայն անցյալ երկու տարում նախաձեռնության շրջանակում արդեն իսկ գրանցել է մի շարք արդյունքներ:

Ստեղծվել է Հայաստանի առաջին զեկույցը: Դա ներկայացնում է Հայաստանի 2016-2017 թ. մետաղական հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը: Հաջորդ արդյունքը 2018-ին օգտակար հանածոների արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերի հրապարակումն էր, մինչ այդ հասանելի չեն եղել հանրությանը:

Ավինյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հավանություն է տվել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտումը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթին, որոնք կըդնունվեն նորընտիր խորհրդարանի կողմից: Ավինյանի կարծիքով՝ հաջող կիրարկման դեպքում օրինակ կծառայեն մյուս ոլորտների համար:

Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը նպատակ ունի ոչ միայն արդյունքներ արձանագրել, այլ նաև դրանք մատչելի ձևով հասցնել ամեն շահառուի՝ լինի հեռավոր ազդակիր համայնքի բնակիչ, գիտաշխատող, գործարար, թե պետական ծառայող։ «Միայն այս դեպքում հնարավոր կլինի ունենալ տեղեկացված հանրային բանավեճ եւ իրական փոփոխություններ»,- եզրափակեց Ավինյանը։

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը» բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է:

Հայաստանի ԲՇԽ (բազմաշահառու խումբ) առաջին կազմը ստեղծվել է 2016 թ., որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով: ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017-ի մարտի 9-ին:

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր