Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ». 25 500 դրամից ցածր թոշակ չի լինի

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլը կլինի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովում գտնվող նախագծում նոր գործիքի՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության ներդնումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցումՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, անդրադառնալով աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, խոսեց «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության, զինվորական աշխատանքային կենսաթոշակի մասին և ներկայացրեց վիճակագրական տվյալներ:

-Տիկին Գալստյան, օրենսդրությամբ, կսահմանվի «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունը՝ 25 500 ՀՀ դրամի չափով: Այսինքն՝ անկախ անձի աշխատանքային ստաժից, այդ գումարից ցածր կենսաթոշակ չի՞ կարող նշանակվել:

-Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ մենք նոր փաթեթ ենք մշակել, որտեղ կա կարգավորում, որ տրվում է նոր եզրույթ՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»: Ըստ այդ փաթեթի մեկ այլ դրույթի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը տրվում է Կառավարությանը:

-Այս դեպքում կա՞ աշխատանքային ստաժի նվազագույն չափ:

-«Նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունն այս պարագայում կապ չի ունենա աշխատանքային ստաժի հետ: Սա պարզապես գումարի չափ է, որ Կառավարությունը պետք է սահմանի որպես ուղենիշ, որից ցածր կենսաթոշակ չի կարող նշանակվել: Ամենայն հավանականությամբ, կսահմանվի 25 500 դրամ: Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ: Օրինակ՝ քաղաքացին 63 տարեկան է և ունի առնվազն 10 տարվա ստաժ, ապա նա կարող է դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Գործող օրենսդրության համաձայն, այսօր մենք ունենք նաև 5 տարով նշանակված կենսաթոշակներ և այդ իրավունքը տվյալ անձանցից չի վերցվի: Կան նաև հաշմանդամներ, ումից ըստ տարիքի, ավելի ցածր ստաժ է պահանջվում: Հաշմանդամություն ունեցողների դեպքում, եթե նա 18-21 տարեկան է և ունի 1 տարվա աշխատանքային ստաժ, մենք նրան նշանակում ենք աշխատանքային կենսաթոշակ:

-Օրենքը դեռևս չի ընդունվել, սակայն հունվարի 1-ից սկսած դրանք պետք է ավելացվեն: Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից նախորդ ամիսներին պակաս գումար ստացած անձանց գումարներն ինչպե՞ս են փոխհատուցվելու:

-Նախագծում կա երեք կետ՝ առաջինը սահմանում է նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը, երկրորդը՝ Կառավարությունն է լիազորված սահմանել այդ չափը և երրորդ՝ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Նախագիծը հնարավոր է, որ ընդունվի, օրինակ՝ մարտ կամ ապրիլ ամիսներին, գուցե նաև մայիսին: Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից: Անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ կվերահաշվարկվեն այն կենսաթոշակառուների թոշակները, ում աշխատանքային կենսաթոշակը ցածր է 25 500 ՀՀ դրամից և կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից, պակաս վճարված գումարները կվճարվեն միանվագ: Այսինքն՝ վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18 000 դրամ և եթե նոր կարգավորումներն ուժի մեջ մտնեն 2019 թվականի մարտին, ապա ապրիլ ամսվա 25 500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22 500 դրամը: Բանաձևն այսպիսին է՝ ((25500-18000)x3 ամիս):

-Տիկին Գալստյան, ո՞րն է եղել կենսաթոշակների բարձրացման նպատակը:

-Մշակելով այս փաթեթը՝ մենք նպատակ ենք ունեցել նվազեցնել կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը: Ելնելով դրանից՝ որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ՝ նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել այդ նոր գործիքը՝ նվազագույն կենսաթոշակի չափը։

-Ընտրվել է երկու խումբ, որոնց զինվորական կենսաթոշակները հունվարի 1-ից բարձրացել են՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այս երկու խմբերը:

-Առաջին հերթին կցանկանամ նշել, որ այս խմբերն ավելացված աշխատանքային կենսաթոշակ են ստանում հունվարի 1-ից: Մնացած խմբերի համար որոշ բարձրացումներ կլինեն հետագայում: Օրենքով ամրագրված է, որ այս երկու դեպքում էլ կենսաթոշակի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, այդպիսով իրեն վերապահված լիազորություններով բարձրացրել է նրանց կենսաթոշակները:

-Քանի՞ շահառու կա այս խմբերից յուրաքանչյուրում և նախկինում որքա՞ն է կազմել նվազագույն կենսաթոշակի չափը:

-Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը նախկինում եղել է 18 հազար դրամ: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահառուների թիվը 2598 է: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը նախկինում եղել է 24 000 դրամ, իսկ շահառուների թիվը նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 186 է: Երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ՝ 80 հազար ՀՀ դրամ:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում