Մշակույթ

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մշակույթը դուրս է եկել  հասարակության կրթական համակարգից

3 րոպեի ընթերցում

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մշակույթը դուրս է եկել  հասարակության կրթական համակարգից

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մշակույթը դուրս է եկել հասարակության կրթական համակարգից և դարձել է զուտ զվարճանք կամ միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բաբայանն ասաց դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ըստ իս՝ կառուցվածքային փոփոխությունների մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ որոշվի, թե մշակութային ոլորտն ինչու է պետք, և ինչ է այն իրենից ներկայացնում։ Երբ որոշեն, որ պետք է, կսկսեն մտածել տվյալ ոլորտի կառուցվածքի, մեխանիզմի մասին։ Յուրաքանչյուր բնագավառ` լինի մշակույթի, գիտության, թե տնտեսության, ունի երկու կարևոր խնդիր՝ պահպանել և զարգացնել»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով նախարարությունների հնարավոր կրճատման կամ այլ նախարարությունների հետ միավորման հարցին` Ռուբեն Բաբայանն ասաց, որ կան որոշ երկրներ, որտեղ մշակույթի նախարարությունը միավորված է այլ ոլորտների հետ: «Ֆրանսիայում կա Կոմունիկացիաների և մշակույթի նախարարություն, ինչը ենթադրում է, որ այդ երկու ոլորտները՝մեկը եկամտաբեր, մյուսը` բյուջե պահանջող, կարողանում են միմյանց լրացնել։

Եթե չեմ սխալվում, մեր երկրում ցանկանում են միավորել սպորտի, մշակույթի և կրթության ոլորտները. երեք ոլորտներն էլ բյուջեից գումար են պահանջում՝շահութաբեր չեն։ Կարելի է մշակույթի նախարարություն չունենալ, բայց ունենալ օրենքներ, որոնք թույլ կտան ինքնուրույն զարգանալ»,- շեշտեց նա:

Բաբայանի խոսքով` ամբողջ Եվրոպայում գործում է «մեկնած ձեռքի» սկզբունքը. պետությունը մեկնած ձեռքն է մշակույթին, որից պահանջում է մեկ բան՝ զարգացնել և պահպանել։

«Մշակույթը չի կարելի բաժանել և տալ ինչ-որ գերատեսչության: Մշակույթի պահպանումն ու զարգացումը ոչ միայն պետության, այլև ամբողջ հասարակության գործառույթն է, ինչը շատ կարևոր է»,- շեշտեց Բաբայանը։

Ըստ նրա` երբեք չպետք է ակնկալել, որ մշակույթը կարող է փող բերել։ «Զարմանալի է, որ 21-րդ դարում մենք ցանկանում ենք վայրի կապիտալիզմի օրենքներով ապրել: Այսօր աշխարhը վաղուց այդ ճանապարհն անցել է և հասկացել դրա վնասակարությունը։ Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի հուղարկավորության ժամանակ նշեց, որ Ֆրանսիայում պոետները չեն մահանում, սա նրա անձնական կարծիքը չէր, այլ Ֆրանսիայի մոտեցումն է պոեզիային։ Երեկ լսեցի, որը ՊԵԿ-ն ուզում է երգիչ-երգչուհիների եկամուտները հարկել. եթե Ֆրանսիայում նման օրենք լիներ՝ Շառլ Ազնավուր չէր լինի։ Յուրաքանչյուր երկրում հարկ վճարելը գալիս է որոշակի աստիճանից հետո»,- ընդգծեց Բաբայանը։

Նրա դիտարկմամբ՝ նմանատիպ քայլերով մշակույթի ոլորտում ստեղծվում է շիլաշփոթ, ուստի, յուրաքանչյուր որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, որի պարագայում հնարավոր է 100 հիմար առաջարկությունից մեկը իշխանության ներկայացուցիչների համար օգտակար լինի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում