Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստան կբերի 2000-2500 այցելուի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում ակնկալվում է 2000-2500 այցելու աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ համաժողովի կազմակերպման ուղղությամբ բավական ծավալուն աշխատանք է տարվել 2018 թվականին:

«Մի շարք երկրներ կատարված այցելությունների շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ: Թայվանում եղավ հանդիպում համապատասխան գործընկերների հետ: Նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխարհահռչակ «Կոմպուտեքս» ընկերության հետ ցուցահանդես անցկացնելու համար: Հայաստանում անցկացվող միջոցառմանը ներկայացված կլինեն թայվանական ընկերություններ: Մարտին Թայվանից սպասում ենք պատվիրակության այցի»,-ասաց Ալեքսանդր Եսայանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն այն աշխարհահռչակ ընկերությունների անունները, որոնց ղեկավարները կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Քննարկումներ են տարվում «Ֆեյսբուք», «Գուգլ», «Ամազոն» և այլ ընկերությունների հետ:

Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ակտիվորեն աշխատում են ՀՀ կառավարության հետ, համաժողովի անցկացման հարցում ունեն պետական ամենաբարձր մակարդակով աջակցություն:

«Մենք փորձելու ենք այնպես անել, որ համաժողովի մասնակիցները հետաքրքրվեն Հայաստանի ներուժով: Նման խոշոր ընկերություններին առաջին հետաքրքրող հարցը մասնագետների քանակն է: Պետք է հասկանան, թե որքան մարդ է աշխատում ոլորտում, և որքան է տարեցտարի ավելանում նրանց թիվը: Մենք ունենք աշխարհում մեծ հաջողությունների հասած բավական հայտնի ընկերություններ, ինչը կարևոր ցուցիչ է, պետք է փորձենք կրթական մասով ևս ցույց տալ մեր ներուժը: Այդ համատեքստում կարևոր նախաձեռնություն է «Արմաթ»-ը, որի շրջանակում բազմաթիվ դպրոցականներ, երիտասարդներ ներգրավվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ներուժը, հաջողությունն ու ձեռքբերումները ցուցադրելուց զատ շատ կարևոր է մեր պետության հյուրընկալությունը ներկայացնելը:

«Պետք է ցույց տանք հայ ժողովրդի մարդկային հատկանիշները, հյուրընկալությունը, հյուրասիրությունը: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել այնպիսի լավ միջավայր ստեղծելու համար, որ համաժողովի մասնակիցները հիշեն մեր երկիրը, ցանկանան գալ, այստեղ աշխատել: Շատ կարևոր է նաև նախնական աշխատանքը, որ համաժողովի թեմաները աշխարհին հետաքրքիր լինեն»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները