Քաղաքականություն

Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են. Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին

2 րոպեի ընթերցում

Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են. Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի լիարժեք օգտագործի իր հնարավորությունները երկրի զարգացման, հզորացման, ժողովրդի բարեկեցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչու է սեփականատեր լինելով որոշել մտնել խորհրդարան ու զբաղվել քաղաքականությամբ՝ Ծառուկյանն ասաց. «Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, ովքեր ոչ պաշտոնի կարիք ունեն, ոչ փողի: Նրանք սիրում են իրենց հայրենիքը, և ուզում են լավ բան անել»: Որպես նման հաջողակ քաղաքական գործիչ՝ նա օրինակ բերեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք ԲՀԿ առաջնորդը հաջողակ քաղաքական գործիչ է համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ Ծառուկյանը նշեց. «Ողջ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է, նրա կողքին կանգնած է: Մնացածը կախված է տնտեսական հեղափոխությունից»:

Նա հրաժարվեց որևէ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ՝ ասելով. «Բոլորն այս երկրում օրենքի առաջ հավասար են: Կճշտվի, կասեն, եթե արդար է, կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվի: Կան իրավապահ մարմիններ, որոնք քննություն են տանում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում