ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ․ կառույցի և Հայաստանի առաջնահերթությունները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: 2018թ. ամփոփիչ այս նիստի ընթացքում քննարկվել են ինչպես ԵԱՏՄ-ում նախորդ տարվա տարեկան աշխատանքները, այնպես էլ ուրվագծվել են եվրասիական ինտեգրացիայի հետագա հեռանկարները և հաջորդ տարիներին կառույցի համար նախանշվող գերակայությունների շրջանակները։ Մասնավորապես, կարևորվել են առևտրի ծավալների մեծացումը և դրան խոչընդոտող գործոնների վերացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, ֆինանսական համակարգերի մոտարկման հեռանկարները, թվային օրակարգի կյանքի կոչումը, էներգետիկ ոլորտը, մասնավորապես՝ նավթագազային ընդհանուր շուկայի ստեղծման հարցը ։

Նիստի արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ստորագրել են 18 փաստաթուղթ, այդ թվում նաև՝ Միության 2019թ. բյուջեն, «Ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը», «ԵԱՏՄ-ի 2019թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշումը, «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումը, «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումը, «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» որոշումը, «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու» մասին որոշումը և այլն։

Խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Ն․Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության տեսլականը եվրասիական ինտեգրացիային Հայաստանի մասնակցության վերաբերյալ՝ դա անվանելով Հայաստանի գերակայություններից մեկը։ Հայաստանի անունից վարչապետի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել «գործադրել բոլոր ջանքերը ինտեգրացիոն ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնելու համար»։ Ն. Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման համատեքստում՝ մատնանշելով վերջին ամիսների ընթացքում ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը։ Նա ընդգծել է նաև գործարարության համար հարմարավետ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը՝ դա համարելով ինտեգրացիայի խորացման կարևոր պայմաններից մեկը։ Վարչապետի պաշտոնակատարը հատկապես առանձնացրել է Հայաստանի արձանագրած հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Այս բնագավառում Հայաստանը կարող է իր արժեքավոր ներդրումն ունենալ ԵԱՏՄ-ում ՏՏ ոլորտի զարգացման գործում։

Հայաստանի համար բավական կարևոր է նաև երրորդ կողմերի հետ ԵԱՏՄ գործընկերությունը, այդ թվում՝ Եվրոպական միության և Իրանի հետ, ինչը ևս ընդգծվեց ՆՓաշինյանի խոսքում։ Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ ինչպես ԵԱՏՄ-ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարցում։ Հաշվի առնելով Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններում՝ վարչապետի պաշտոնակատարը երկրի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվ դերակատարում ունենալ նաև Եգիպտոսի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Սա բազմիցս ընդգծվել է նաև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

ՆՓաշինյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացվածության հարցի կարգավորման անհրաժեշտության վրա, քանի որ ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման արդյունքում որոշակի իրավական հակասություն է առաջացել ՀՀ օրենսդրության և ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթի միջև, որի վերանայումն, ի դեպ, ևս ԵԱՏՄ օրակարգային հարցերից է։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել 2019թ ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին, ինչը ոչ միայն բավական լուրջ պատասխանատվություն է երկրի համար, այլ նաև հավելյալ հնարավորություններ է ստեղծում:

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր տնտեսական համագործակցությանը, մասնավորապես՝ ներդրումային տարբեր նախագծերի իրականացմանը։ Այս համատեքստում բավական կարևոր է, որ հայ գործարարները բարձրաձայնել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները: Նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են ստեղծում վեր հանել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության համար առկա գործնական խոչընդոտները՝ դրանց հաղթահարման համար համապատասխան լուծումներ գտնելու և առկա թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։ Անդրադարձ է եղել նաև առկա լոգիստիկ խնդիրներին, որոնք ևս, ըստ Ն․Փաշինյանի, գտնվում են քննարկումների օրակարգում։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա2019թ. մայիսին`Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, սակայն 2019թ․ խորհրդի նիստերից մեկը, հավանաբար, կանցկացվի Հայաստանում։

Վարդուհի Հարությունյան

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին