Պաշտոնական

Ուրախ եմ «ԴԵԶԻ»-ում տեսնել հայ գիտնականների և լսել համագործակցության ծրագրերի մասին. ՀՀ նախագահն այցելել է հայտնի գիտահետազոտական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Ուրախ եմ «ԴԵԶԻ»-ում տեսնել հայ գիտնականների և լսել համագործակցության ծրագրերի մասին. ՀՀ նախագահն այցելել է հայտնի գիտահետազոտական կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառում:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ԴԵԶԻ» -ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ։

«ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը շրջայցի ժամանակ նախագահ Սարգսյանին է ներկայացրել կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նախագահը ծանոթացել է նաև կենտրոնում գտնվող «PITZ» արագացուցիչի հնարավորություններին, որից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի գիտական խորհրդի հետ։

Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների, և հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է , որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձևավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։

«Ուրախ եմ, որ «ԴԵԶԻ»-ում տեսա նաև հայ գիտնականների, նրանց ներկայությունն այստեղ հայ-գերմանական իսկական համագործակցության մասին է վկայում։ Կարծում եմ` ձեր նոր նախագծերի շրջանակում համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ կան։

Հայաստանն ունի լավ մասնագետներ և կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք և զարգացնենք փոխգործակցությունը»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում