Սպորտ

Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց անցնող տարին և աշխարհի առաջնության արդյունքները 

2 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց անցնող տարին և աշխարհի առաջնության արդյունքները 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց աշխարհի առաջնության արդյունքները և անցնող 2018 թվականը:

«Մենք այս տարի բաց թողեցինք միայն Եվրոպայի մեծահասակների առաջնությունը` բոլորիս հայտնի խթանիչ միջոցների սկանդալի պատճառով: Հիմա հավաքականի կազմում արդյունքներ են գրանցում այն տղաները, ովքեր պատանի տարիքում դարձան Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդյանը:

Խոսելով Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնության մասին` նա փաստեց, որ աղջիկների հարցում լուրջ խնդիրներ կային, և նրանք մեդալների համար չէին պայքարելու: Նրանց մասնակցությունը պայմանավորված էր բացառապես օլիմպիական վարկանիշային միավորներ հավաքելով:

Ալավերդյանը անդրադարձ կատարեց նաև Անդրանիկ Կարապետյանի անհաջող ելույթին՝ ընդգծելով, որ մարզիկի մոտ եղել է արյան ճնշման տատանում: Ծանրորդը օլիմպիական վարկանիշային միավորներ կհավաքի Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին 7 մեդալ: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, +109 կգ քաշային կարգում Գոռ Մինասյանն արժանացավ առաջնության արծաթե մեդալի, 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը՝ փոքր արծաթե մեդալի, իսկ 87 կգ քաշային Արփինե Դալալյանը C խմբում գրավել է երրորդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում