«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում կինոցուցադրություններ կլինեն Հայաստանի մարզերում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնին կցուցադրվի 186 կինոնկար շուրջ 63 երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6-10-ը Երևանում, Արցախում և նոյեմբերի 5-11-ը Հայաստանի հինգ մարզում` Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում:

«Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից և այլ երկրներից: «Ռոլան»-ը հավատարիմ է մնում իր որդեգրած ձևաչափին. այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված կլինի բացառապես երեխաներից և պատանիներից Երևանից և ՀՀ մարզերից»,-նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

Նրա խոսքով` «Խաղարկային ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք», «Անիմացիոն ֆիլմեր», «Ես իրավունքներ ունեմ», «Պատիվ ունեմ» անվանակարգերին միացել են «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգերը:

Փառատոնը շարունակում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանը ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից Հայաստան ժամանած ականավոր կինոգործիչները Երևանում վարպետության դասեր կանցկացնեն, կլինեն հետաքրքիր քննարկումներ: Պատվավոր հյուրերից են անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մդվեդևը:

Կշարունակվեն ավանդական դարձած սոցիալական ծրագրերը: Գյումրի այցելության ժամանակ արտերկրից ժամանած փառատոնի հյուրերը կայցելեն «Թռչունյան տուն» երեխաների խնամքի և աջակցության կենտրոն և հանդիպում կունենան երեխաների հետ:

14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է «Վիշեգրադ-Հայաստան. նոր նախաձեռնություններ միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» հատուկ ծրագիրը: Այն ուղղված է Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի, Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության խորացմանը:

Ծրագրի ընթացքում կանցկացվեն Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանում, նախատեսվում են քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ:

ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշեց, որ Վիշեգրադի չորս երկրները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում փառատոնին: «Այս տարի չունենք ներկայացված ֆիլմերի պակաս: 52 կինոնկար է առաջադրվել և դրանցից 22-ն է ընտրվել»,-շեշտեց նա և հավելեց, որ վերոնշյալ երկրներից բազմաթիվ կինոգործիչներ կգան Հայաստան իրենց մասնակցությունն ունենալու յուրահատուկ փառատոնին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Ալեքս Բորտալանն ընդգծեց, որ երրորդ տարին է, ինչ համագործակցում են փառատոնի հետ: «Այս տարի 18 ֆրանսիական արտադրության ֆիլմ է ներառվել փառատոնի ծրագրում, կան կինոնկարներ, որոնք նկարահանվել են Ֆրանսիացի ստեղծագործողների ջանքերով: Ընդգրկվել են նաև ֆրանկոֆոն այլ երկրների ժապավեններ»,-շեշտեց նա:

Գյոթեի անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերմանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը` ռեժիսոր, պրոդյուսեր, դերասանուհի, ով կներկայացնի «Սուպեր Մոդոն» ֆիլմը:

Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրում կներկայացվի անվանի անիմատոր Միյո Սատոնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը:

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան