Տնտեսություն

Դավիթ Անանյանը հարկային ստվերի դեմ պայքարի համար առաջարկում է նոր համակարգի մոդել

2 րոպեի ընթերցում

Դավիթ Անանյանը հարկային ստվերի դեմ պայքարի համար առաջարկում է նոր համակարգի մոդել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային ստվերի դեմ պայքարի համակարգի տրամաբանությունը լինելու է ստվերն ըստ ոլորտների գնահատելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ԱԺ-ում 2019 թ.պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարկային ստվերի կրճատման առումով բավականին խորքային աշխատանք է կատարվել, սակայն դա հաշվարկելի չէ: Մենք ստվերի դեմ պայքարն իրականացնում ենք միկրոմակարդակով, վերլուծական աշխատանքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողի վարքագծի նկատմամբ գնահատականներ տալով: Չունենք այս համակարգը, որն ուզում ենք կայացնել: Այս համակարգի էությունը լինելու է հետևյալը. ստվերի գնահատականը տալու ենք ըստ գործունեության տեսակների, ազգային հաշիվների քսան գործունեության ոլորտների»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ պետք է ձևավորել ոլորտային միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլ և այն անընդհատ արդիականացնել ավտոմատ համակարգերի մեջ համապատասխան տեղեկության ներմուծմամբ: «Ունենալու ենք ավտոմատ, անընդհատ փոփոխվող համակարգ: Ելակետային տվյալները պետք է փոփոխվեն: Ստվերի գնահատականները պետք է ներմուծվեն միջազգային փորձին համապատասխան: Հարկ վճարողի պրոֆիլը պետք է անընդհատ փոփոխվի, և միջին վիճակագրական հարկ վճարողի ավտոմատացված հաշվարկված հարկային բեռի գնահատականը պետք է համադրվի այլ տեղեկատվության հետ»,-ասաց Անանյանն ու հավելեց, որ դա պետք է իրականացվի ամեն օր ինտերակտիվ կերպով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում