Տնտեսական ակտիվությունն 9 ամիսներին կազմել է 6.6%. ԱՎԿ-ն ճշգրտել է ցուցանիշները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 6.6%, որն ապահովվել է հիմնականում արդյունաբերության, ծառայությունների, առևտրաշրջանառության, տրանսպորտի, շինարարության, կապի ոլորտներում արձանագրված աճի շնորհիվ: Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա ցուցանիշները տարեսկզբից սկսած ճշգրտվել են, և ըստ այդ փոփոխությունների՝ չնայած սեպտեմբեր ամսին նկատված տնտեսական ակտիվության նվազմանը, ընթացիկ տարվա 9 ամիսների ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է քան նախորդ տարվանը, որը կազմել էր 5.1%:

2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 257.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ աճել է 18.8 տոկոսով: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 29.6 տոկոսով, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝ 35.2 տոկոսով: Կրթության ոլորտում մատուցված ծառայությունների գծով նկատվել է ծավալների 0.8 տոկոս նվազում:

Ինը ամիսների ընթացքում առևտրի շրջանառությունը կազմել է 2 տրլն 50 մլրդ դրամ, և արձանագրվել է 10.1 տոկոս աճ՝ 2017թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ:

2018թ.-ի ինը ամիսներին 2017թ-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ շինարարության և տրանսպորտի ոլորտներում նույնպես նկատվել են աճման միտումներ: Տրանսպորտի ոլորտում գրանցված աճը կազմել է 7.8 տոկոս, իսկ շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս:

Արդյունաբերության ոլորտում աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 4.0 տոկոս: Հարկ է նշել, որ նկատվել է արդյունաբերության աճի դանդաղում, ինչը պայմանավորված է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման նվազումով: Կապի ոլորտում աճը նախորդ տարվա նկատմամբ աննշան է եղել և կազմել է 0.8 տոկոս:

Հրապարակված տվյալները ուսումնասիրելիս 4.6 տոկոս նվազման միտում է նկատվել գյուղատնտեսության ոլորտում: Դա բացատրվում է գյուղոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցած գործոնների՝ բնակլիմայական անբարենպաստ պայմանների, ջրի սակավության առկայությամբ:

Հատկանշական է, որ ՎԿ կողմից հրապարակված օպերատիվ տվյալներով ՏԱՑ-ը կազմել էր 6.5 տոկոս: Այնուհետև ՎԿ-ն հրապարակել է ճշգրտված ցուցանիշները, որոնց համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-սեպտեմբերին կազմել է ոչ թե 6.5 այլ 6.6 տոկոս: Ընդ որում` վերջին ճշգրտված տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընթացիկ տարվա հունվարին կազմել է 11.7 տոկոս, փետրվարին՝ 8.9 տոկոս, մարտին՝ 11.0, ապրիլին՝ 7.2, մայիսին՝ 5.6, հունիսին՝ 9.9, հուլիսին՝ 11.2, օգոստոսին՝ 0.6 տոկոս: Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է -0.1 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ նկատվել է 0.1% տնտեսական ակտիվության նվազում:

Տնտեսական ցուցանիշները վկայում են, որ չնայած երկրի քաղաքական անկայունությանն ու տեղի ունեցած հեղափոխությանը՝ հաջողվել է պահպանել տնտեսական կայունությունն ու աճի տեմպերը: Քաղաքական ճգնաժամին հետևող տնտեսական անկումը Հայաստանում հնարավոր եղավ կանխել, և ընդհակառակը՝ գրանցել տպավորիչ տնտեսական աճ, ինչն անակնկալ էր նաև միջազգային տնտեսական կառույցների համար: Մասնավորապես Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն հայտարարել է, որ Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները, ինչը պայմանավորված է տնտեսության զարգացման կանխատեսվածից բարձր ցուցանիշներով:

Ամփոփելով կարող ենք ասել, որ թեև հրապարակված ցուցանիշները փաստում են այն, որ տնտեսությունում առկա են աճի միտումներ, բայց միևնույն ժամանակ կարևոր է չանտեսել տնտեսությունում առկա խնդիրները: Այդպիսի խնդիրներից են հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցերը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության հետագա զարգացման, նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից: Առաջնային հարց է զբաղվածության ավելացումը, որը պետք է իրականացվի պետական ապարատի ուռճացվածության հաղթահարման հետ համատեղ, ինչն էլ ավելի է բարդացնում խնդիրը: Այս և մյուս սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը պետք է լինեն խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարության հիմնական մտահոգությունը և անելիքը:

Պանդուխտ Մարտիրոսյան

Հայերեն

Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով

Ակցիզային հարկի բարձրացման հետևանքով գնաճային երևույթների լուրջ մտավախություններ ՀՀ կենտրոնական բանկը չունի

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg

Հայաստանի լեգիտիմ իրավունքն է ընտրակաշառքի տրամաբանությամբ գործող շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից․ Փաշինյան

ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

Վարչապետն ԱԲ գործարանների կառուցմանը զուգահեռ նոր էներգետիկ հզորությունների ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

Նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին