Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, և երկիրը պետք է կարողանա զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել: Այս մասին նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովում վարչապետի ընտրության նիստի եզրափակիչ ելույթում:

«Հայաստանում մենաշնորհներն իմաստ չունեն, որովհետև մենք փոքր շուկա ենք: Մենք չպետք է մտածենք, թե ներքին շուկան ոնց բաժանենք, որ ում ինչ հասնի: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որ մեր տնտեսությունը միտված լինի արտահանմանը: Մենք պետք է մտածենք այնպիսի արտադրանք տալու մասին, որ կարողանանք արտահանել, դրանից բացի, կարողանանք տուրիստների մեծ հոսք ապահովել: Մեր տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև աղքատության խնդրին՝ ընդգծելով, որ դրա լուծման ամենամեծ միջոցն աշխատանքը խրախուսելն է:

«Տեսեք՝ ինչքան են խոսում աշխատատեղերի խնդրի մասին: Այս ընթացքում որ գործարան գնացել եմ, ասել են՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարողանում լրացնել: Բայց մենք տարիներ շարունակ չաշխատելը խրախուսել ենք, դա ինչ-որ տեղ ունեցել է քաղաքական ենթատեքստ: Մենք պետք է մարդկանց ապացուցենք, որ զրոյից կարելի է աշխատել, փող ստանալ, հարստանալ: Դրա համար մարդկանց պետք է քաջալերել: Ուր գնում ենք, ասում են՝ օգնեք, մենք պետք է հստակ ուղերձ հղենք հասարակությանը, որ ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող օգնել այն մարդկանց, որոնք իրենց վրա չեն աշխատում՝ սկսած լեզուների իմացությունից, կրթական մակարդակի բարձրացումից, վերջացրած հմտությունների ավելացմամբ:

«Լավ, մի ամիս 20 հազար դրամ տվեցին, երկրորդ ամիսը, 10-րդին տվեցին. մենք դա նորմա՞լ ենք համարում: Նորմա՞լ է, որ իր տնից 100 մետր չի գնում աշխատելու նպաստից չզրկվելու համար: Սա դեգրադացման ճանապարհ է: Մենք մադկանց զրկում ենք հույսից, ասում ենք՝ այ դու աղքատ եղիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա անընդունելի մոտեցում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում