Պաշտոնական

Արմեն Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։«Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։ Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում