Ադրբեջանում «նեղսրտել» են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման պատճառով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը չի վրիպել մեր հարևանների ուշադրությունից: Մասնավորապես, Ադրբեջանում դժվարանում են համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը նման մեծամասշտաբ միջոցառում է հյուրընկալում:

Նշենք, որ ՖՄԿ-ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից է, որն 84 անդամ ունի աշխարհի տարբեր մայրցամաքներից: Հայաստանը երկու տարով ստանձնում է ՖՄԿ-ում ղեկավարությունը, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում հայկական կողմին ինչպես կազմակերպության շրջանակներում, այնպես էլ կազմակերպության առանձին անդամների հետ նախաձեռնողական քայլեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն տարբեր հարցերի շուրջ հետագա համագործակցությանը: Այս տեսանկյունից հատկանշական է նաև Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը Երևանում:

Միևնույն ժամանակ Հայաստանում ավելի քան 80 պատվիրակությունների, այդ թվում 25-ից ավելի պետության ղեկավարների միաժամանակյա ներկայությունը մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այդ նույն համատեքստում պետք է փաստել, որ գագաթաժողովի բարեհաջող անցկացումը կնպաստի Հայաստանի՝ որպես հուսալի և վստահելի գործընկերոջ ընկալմանը միջազգային հարթակում:

Եվ այս ամենի ֆոնին նկատելի է նաև ադրբեջանական քարոզչության ակտիվացում, որը նպատակ է հետապնդում ստվերել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարևորությունը: Մասնավորապես, Բաքվի կողմից շրջանառության մեջ են դրվել մի շարք թեզեր, որոնք ոչ միայն չեն դիմանում որևէ քննադատության, այլև որոշ դեպքերում ծայրահեղությունների են հասնում: Ադրբեջանում այս օրերին կասկածի տակ են դնում ոչ միայն «հայ-ֆրանսիական պատմական հարաբերությունների գոյությունը», այլ նաև հայտարարում են, որ Հայաստանում նման միջոցառման անցկացումը «քաղաքական ուղերձ է Ռուսաստանին, որն ակնարկում է այն մասին, որ Հայաստանը արևմտամետ քաղաքականություն է վարում»: Ադրբեջանում այս օրերին շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն էլ «Հայաստանն ամբողջությամբ մեկուսացված է եվրասիական ինտեգրացիայից»:

Ադրբեջանական այս քարոզչությունն, ինչ խոսք, իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանի կողմից իրականացվող հավասարակշռման և ինտեգրացիոն գործընթացների փոխլրացման քաղաքականության արդյունքում Հայաստանը չունի ընտրության խնդիր և բաց է ամրապնդել ու խորացնել հարաբերությունները բոլոր գործընկերների և բարեկամ երկրների հետ: Բաքվին պետք է հիշեցնել նաև, որ Ֆրանկոֆոնիան Արևմուտքի հետ ասոցացնելը ևս անհեթեթություն է. այդ կառույցը միավորում է տարբեր երկրներ աշխարհի բոլոր մայրցամաքներից, այդ թվում՝ Աֆրիկայից և Ասիայից:

Հետաքրքրական է, որ նման հայտարարություններ է հնչեցնում մի երկիր, որն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում Ադրբեջանում տարբեր միջոցառումների (քաղաքական, կրոնական համաժողովներից մինչև սպորտային միջոցառումներ) իրականացման համար, որոնք նպատակ են հետապնդում ադրբեջանական հանրության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից, ցույց տալ միջազգային հարթակում Ադրբեջանի «վայելած հեղինակությունը»: Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում նմանօրինակ իրադարձությունները նաև հարմար առիթ են փողերի լվացման տարատեսակ սխեմաներ կիրառելու համար:

Պետք է նշել, որ Բաքվի այդ գործելաոճը ոչ միայն ցանկալի արդյունքներ չի տալիս, այլ նաև շատ հաճախ աշխատում է հենց Ադրբեջանի դեմ: Մասնավորապես, վերջին մի քանի նման միջոցառումների (Իսլամականհ ամերաշխության խաղեր, «Ֆորմուլա 1», «Եվրատեսիլ» և այլն) անցկացման օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջան ժամանած օտարերկրյա լրագրողների ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ թե այդ միջոցառումների շքեղությունը, այլ այդ երկրում մարդկանց իրավունքների ոտնահարումները, սոցիալ տնտեսական խնդիրները:

Հետևաբար, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններն ավելի քան անհիմն են, և, ըստ էության, ի ցույց են դնում այն պարզագույն փաստը, որ Ադրբեջանում շատ են «նեղսրտել» այն փաստից, որ Հայաստանը, նման մեծամասշտաբ միջոցառում անցկացնելով, այս օրերին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Արփինե Հովսեփյան

Հայերեն

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան