ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը նվիրված էր ֆրանսահայ, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի սկզբում մեկ րոպե լռությամբ հանդիսատեսը հարգեց երգչի հիշատակը:
Երեկոյին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգի դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն էր:
«Ես շատ լավ եմ վերաբերվում ֆրանսիացի կոմպոզիտորներին, այդ իսկ պատճառով կոմպոզիտորների ընտրությունը միայն Ֆրանկոֆոնիայի օրերով չի պայմանավորված»,- նշեց Մլքեյանը:
Համերգին հնչեցին նաև հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ֆրանսալեզու երգերը, մասնավորապես, «Հիմներգ Գրենոբլի հայոց տան», հատվածներ «Պոետի կյանքը» կանտատից:
«Ես հետաքրքրություն ունեմ աշխարհի լեզուների հանդեպ և ունեմ գրված ֆիններեն, շվեդերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով երգեր: Պատրաստվում եմ մեծ օպերային ստեղծագործություն ձևավորել: Այս երեկոյի հիմնական ծրագիրը Միսակ Մանուշյանի հիշատակին նվիրված իմ գրած կանտատի հատվածներն են, որտեղ հնչելու են Միսակ Մանուշյանի և Լուի Արագոնի բանաստեղծությունները»,- ասաց Ամիրխանյանը:
Ծրագրում հնչեցին՝ Գաբրիել Ֆորե՝ «Պավանա», Ֆրանսիս Պուլենկ՝ «Կոնցերտ երգեհոնի, լարայինների և գոսերի համար» (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն, Հարություն Մկրտչյան- գոս), Ռոբերտ Ամիրխանյան՝ ֆրանսալեզու երգեր:
Ռոբերտ Մլքեյանը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում (Սեն-Լուի, Սալ Գավո), Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում (Սպիտակ դահլիճում, Սմոլնի տաճարում, Գլազունովի դահլիճում), Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում (Դոնիցետտիի սրահում), Տորոնտոյում, Օտտավայում, Դրեզդենում (Ֆրաուկիրխե տաճարում՝ Դրեզդենի ֆիլհարմոնիկի հետ): Մլքեյանի մասնակցությամբ աշխարհահռչակ ECM ձայնագրման ստուդիան թողարկել է ARS POETICA ձայներիզը, որի մասին է ամբողջական տեղեկատվությունը տեղադրվել է անգլիական «The Gramophone» երաժշտական կատալոգի էջերում: Հայաստանի մշակութային կյանքի և երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2008 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի բարձր կոչմանը: