ՀՀ պետական պարտքը դրսևորում է նվազման միտում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պետական պարտքը նվազել է, ինչը կարող է փաստել, որ տնտեսությունում կայունացման գործընթաց է սկսվել։ Միևնույն ժամանակ նկատվում է նաև դրական փոփոխություն պետական պարտքի կառուցվածքում, ինչի շարունակականությունը կարող է բերել պետպարտքի առողջացման:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14.9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3.3 տրիլոն դրամ, որի նշանակությունը տնտեսության կայունացման գործում զգալի է։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։

Պետական պարտք, մլն դրամ

Չնչին, բայց դրական փոփոխություն է նկատվել նաև պետական պարտքի կառուցվածքում։ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի դրության համեմատ ներքին պարտքի բաժինը մեծացել է 20.6 մլրդ դրամով։ Վերջինս նպաստում է տնտեսության՝ արտաքին շոկերից, մասնավորապես` փոխարժեքի ռիսկից խոցելիության նվազմանը։ Արտաքին պարտքի բաժինը նվազել է ընդհանուր պարտքի մեջ, սակայն դեռևս շարունակում է բավականին մեծ տեսակարար կշիռ ունենալ պետական պարտքի մեջ` մոտ 80%։

Հաշվի առնելով պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքի հսկայական մասնաբաժինը՝ տնտեսության համար էական նշանակություն կարող է ունենալ կառավարության պարտքի գծով «ՀՀ բյուջետային համակարգի» մասին օրենքում առկա սահմանափակումը։ Վերջինիս համաձայն՝ եթե կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսն, ապա պետբյուջեի կապիտալ ծախսերը պետք է լինեն պետբյուջեի դեֆիցիտից ոչ պակաս։ Քանի որ վերջին տարիներին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ունի աճի միտում, և կարճաժամկետ հատվածում էական փոփոխություններն անիրատեսական են, հավանական է, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերությունը կլինի սահմանված շեմից ավելի: Ըստ 2019թ.-ի պետական բյուջեի նախագծի՝ ակնկալվում է, որ 2019թ.-ին կապիտալի ծախսերը կկազմեն նվազագույնը 151.6 մլրդ դրամ՝ սահմանափակելով ընթացիկ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Մոտավորապես 320 մլն ԱՄՆ դոլար ուղղվելու է իրական հատված՝ խթանելով նոր աշխատատեղերի, եկամտի նոր աղբյուրների ստեղծմանը, ինչը հեռանկարային ժամանակահատվածում դրական ազդեցություն կարող է ունենալ պետական պարտքի կառուցվածքի վրա։

Հատկանշական է նաև այն, որ Հայաստանի համախառն արտաքին պարտքը նույնպես նվազման միտում է դրսևորել։ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում համախառն արտաքին պարտքը նվազել է առաջին եռամսյակի համեմատ 220 մլն դոլարով։ Համախառն արտաքին պարտքի նվազումը հիմնականում (70%) պայմանավորված է եղել երկարաժամկետ պարտքի նվազմամբ, ինչն էական նշանակություն ունի ապագա սերունդներին փոխացվող բեռի նվազման տեսանկյունից։

Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության կայունացման համար նպատակային պետք է լինի պետական պարտքի կառուցվածքային բարեփոխումն, որի իրականացման գործում առանցքային դեր կարող են խաղալ ֆինանսական ինստիտուտները։ ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալը տարիներ շարունակ գերազանցել է վարկերի ծավալը: Մասնավորապես՝ 2018թ.-ի օգոստոսի դրությամբ առևտրային բանկերի ավանդների ծավալը 1.8 անգամ գերազանցել է վարկերի ծավալին։ Այս ամենը փաստում է, որ 2018թ.-ի օգոստոսի դրությամբ բնակչությունը բանկերում ունեցել է 2.7 տրիլոն դրամ ազատ միջոց, որի մի մասը կարող է ուղղվել պետական պարտատոմսերի ձեռք բերմանը։ Այսպիսով, հարկաբյուջետային հատվածի միջոցով կապ կստեղծվի ֆինանսական և իրական հատվածների միջև՝ մեծացնելով պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինը։

Համադրելով դիտարկված գործոնները՝ պետական պարտքի միտումը, ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալն, ինչպես նաև կառավարության նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակը և ՀՀ կառավարության որդեգրած ներառական տնտեսական աճի մոդելը, հնարավորություն է ստեղծվում երկարաժամկետ հեռանկարում բարելավել ՀՀ պետական պարտքի կառուցվածքը։

Ինգա Ղալայան

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին