Հայաստանի մերձավորարևելյան վեկտորն ակտիվացնելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մերձավոր Արևելքում ընթացող ներկա գործընթացների, ինչպես նաև Հայաստանում արձանագրված ներքին զարգացումների արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորն ակտիվացնելու և Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ գործակցությունն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու համար բավական նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Այս համատեքստում կարևոր է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ սեպտեմբերի վերջին մերձավորարևելյան երկրներ (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս) կատարած այցերը:

ՀՀ սփյուռքի նախարարի մերձավորարևելյան այցերը

Սփյուռքի նախարարը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Դամասկոսի և Հալեպի հայ համայնքի, ինչպես նաև համայնքնային կառույցների ներկայացուցիչների հետ: Հալեպի ՀՀ հյուպատոսարանում Մ. Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հալեպում կայացել է նաև Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Հալեպի նահանգապետ Հուսեյին Դիաբի հետ: Նահանգապետը ընդգծել է երկու երկրների միջև եղած «բարեկամության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու հայ ժողովրդին պատերազմի ընթացքում սիրիական ժողովրդին աջակցելու համար»:

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարարն այցելել է Ազգային միացյալ վարժարան և Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Բեյրութի Հայկազյան համալսարան: Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, համայնքային գործիչների, լիբանանահայ գործարարների, ինչպես նաև ազգային կուսակցությունների ղեկավարների հետ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները և պայմանավորվել առաջիկայում հանդիպել Երևանում և քննարկել համագործակցության հնարավորությունները:

Լիբանանից հետո Հայաստանի պատվիրակությունը Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս: Սփյուռքի նախարարը հայցազրույց է տվել եգիպտական հանրահայտ «Al-Ahram Weekly» թերթին՝ ներկայացնելով մերձավորարևելյան տարածաշրջանի հայ համայնքներ իր այցելության նպատակները, թավշյա հեղափոխությունից հետո հայրենադարձության հեռանկարները, Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների առկա վիճակը, Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան սփյուռքի հարցերով արդեն իսկ գործող ձևաչափին հայաստանյան կողմի ներգրավման, ինչպես նաև քառակողմ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությանն ընդունել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Վերջինս կարևորել է Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը: Կահիրեում Հայրապետյանը նաև հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով Հայաստան-Սփյուռք փոխգործակցության առավել գործնական քայլերի ձեռնարկումը:

Հատկանշական է, որ ՀՀ սփյուռքի նախարարի այցերը լայնորեն լուսաբանվել են տեղի արաբական լրատվամիջոցների կողմից:

Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորը

Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքի ավանդական գործընկերների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև բազմաբնույթ կապերի ստեղծումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մերձավորարևելյան տարածաշրջանի հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, Հայաստանը գտնվում է այս տարածաշրջանի անմիջական հարևանությամբ, և այնտեղ ծավալվող գործընթացներն էական ազդեցություն ունեն միջազգային քաղաքականության վրա, հետևաբար, Հայաստանը չի կարող անմասն մնալ հարևան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից:

Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի սերտ կապերը պայմանավորված են այնտեղ հայկական համայնքների դարավոր ներկայությամբ, որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեն տարածաշրջանային երկրների քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում: Հենց այս առաջնահերթություններից ելնելով՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի բազմաթիվ երկրների հետ: Նշենք նաև, որ տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ու դրանց օրակարգը տարբեր երկրների պարագայում տարբեր են:

Ներկա փուլում Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար առկա են բավական նպաստավոր պայմաններ, և այս ուղղությամբ աշխատանքը կարող է ցանկալի արդյունքներ ապահովել: Մի կողմից, վերջին տարիներին մերձավորարևելյան երկրներում տիրող ճգնաժամերին աստիճանաբար փոխարինելու է գալիս հարաբերական կայունության փուլը: Մասնավորապես, Սիրիայում 2011թ. շարունակվող ճգնաժամի ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար վերափոխվում է հարաբերական կայունության, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ակտիվացնել Դամասկոսի հետ մինչև ճգնաժամն առկա հարաբերությունները, այլ նաև ակտիվորեն ներգրավվել Սիրիայի վերականգնման գործընթացում՝ հաշվի առնելով նաև պաշտոնական Դամասկոսի հետ այս ողջ տարիներին պահպանվող կապերը և հայ համայնքի կառուցողական դերակատարումը սիրիական ճգնաժամի համատեքստում: Մյուս կողմից, Հայաստանում տեղի ունեցած ներքին զարգացումների արդյունքում նոր հայացք և նոր մոտեցումներ են մշակվում, որոնք կարող են նոր լիցք հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այդ թվում նաև մերձավորարևելյան ուղղությամբ:

Վերոնշյալ գործոնների համադրումը թույլ է տալիս ենթադրել, որ գործնական քայլերի իրականացման պարագայում Հայաստանը կարող է ակտիվացնել Մերձավոր Արևելքում իր ավանդական գործընկերների հետ ունեցած համագործակցությունը, որը զգալիորեն տուժել է վերջին տարիներին տարածաշրջանում տիրող ճգնաժամերի հետևանքով, ինչպես նաև նպաստել տեղի հայկական համայնքների ներուժի և ունեցած ազդեցության վերականգնմանը: Միևնույն ժամանակ, աշխարահաքաղաքական նոր իրողություններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում մերձավորարևելյան երկրներից յուրաքանչյուրի համար առանձին մոտեցման մշակման և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

Արփինե Հովսեփյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում