Ինչո՞վ աչքի ընկավ Փաշինյան-Պուտին հանդիպումը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին օրերին հայկական հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացած էր Փաշինյան-Պուտին հանդիպման վրա: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը թվով երրորդն էր. առաջին հանդիպումը կայացել է մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ, հաջորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Եթե առաջին երկու հանդիպումները կարելի է բնորոշել որպես ճանաչողական, ապա Փաշինյանի երրորդ այցը ՌԴ կրում էր առավել բովանդակային բնույթ և կենտրոնացած էր հայ-ռուսական երկկողմ լայն օրակարգի վրա: Պետք է ընդգծել նաև, որ այցն աշխատանքային էր և ոչ թե պաշտոնական, ուստի որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում:

Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաբնույթ հարցերի վերաբերյալ բովանդակային քննարկումների անհրաժեշտությունը հասունացել էր, չի կարող լինել երկրորդ կարծիք: Նման անհրաժեշտության մասին էին վկայում ինչպես տարբեր մակարդակով արվող ոչ միանշանակ հայտարարությունները, այնպես էլ հայկական և ռուսական մամուլում տեղ գտնող «արտահոսքերը» և շահարկումները: Փաշինյանի մոսկովյան այս աշխատանքային այցն, ըստ էության, նպատակ էր հետապնդում ռուսական կողմի հետ հաստատել պարզ և անկեղծ երկխոսություն, քննարկել միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ զգայուն խնդիրները և այն հարցերում, որտեղ հնարավոր է՝ հասնել փոխըմբռնման: Նման հստակեցումների կարիք ուներ նաև ռուսական կողմը և պատահական չէր հանդիպման ընթացքում Պուտինի կողմից «ընթացիկ փոխգործակցության և զարգացման միջնաժամկետ հեռանկարների վերաբերյալ ժամացույցները ճշգրտելու» մասին արտահայտությունը:

Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական օրակարգը թերևս պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի՝ տնտեսական, ռազմական և քաղաքական:

Տնտեսական փոխգործակցության մասով թերևս ամենագլխավոր հարցերն են եղել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման և Հայաստան առաքվող ռուսական գազի գնագոյացման խնդիրը: Առաջին խնդրի մասին տարբեր ձևաչափերով խոսվում է տևական ժամանակ: Մի քանի տարի առաջ, օրինակ, ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերում»անարդյունավետ կառավարումը, կոռուպցիան և էլեկտրաէներգիայի բարձր գները դարձան «Էլեկտրիկ Երևան»-ի պատճառ, իսկ ընդամենը վերջերս բացահայտվեցին ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից իրականացված չարաշահումներ՝ նախնական շուրջ 60 միլիոն դոլարի չափով: Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների արդյունավետության խնդիրը բավական կարևոր և հրատապ մեկ պարզ պատճառով՝ դրանց կողմից ցանկացած չարաշահում ստվեր է գցում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա, ինչն անթույլատրելի է: Բավական կարևոր է, որ երկու երկրների ղեկավարները հասել են փոխըմբռնման Հայաստանում գործող ռուսական ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, քանզի դա բխում է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ շահերից:

Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, իրավիճակը բավական հետաքրքիր է. ռուսական գազը Հայաստանի սահման հասնում է ԱՊՀ-ում ամենացածր գներից մեկով, սակայն հայաստանյան սպառողներն այն ստանում են ԱՊՀ տարածքում ամենաթանկ գներից մեկով: Այս հարցի հետ կապված ևս կողմերին հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ ուսումնասիրելու գնագոյացման սխեման՝ հնարավոր շտկումների նպատակով:

Ինչ վերաբերում է հանդիպման օրակարգի ռազմական հատվածին, թերևս կարևոր է նշել ռազմատեխնիկական համագործակցության կայուն զարգացման մասին հայտարարությունը: Նման վերահաստատումը կարևոր է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում մամուլում տեղ գտած շահարկումները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ ռազմաօդային ուժեր) զարգացման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը:

Որպես մեկ այլ բավական կարևոր հարց կարելի է դիտարկել Սիրիայում Հայաստանի կողմից հումանիտար առաքելության իրականացումը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ հայաշատ Հալեպ հայ բժիշկներ, ականազերծման և այլ մասնագետներ ուղարկելու որոշումը նպատակ ունի առաջին հերթին աջակցել Սիրիայի հայկական համայնքին: Հաշվի առնելով Սիրիայում ռուսական ներկայությունը և Սիրիային ՀՀ կողմից հումանիտար օգնության տրամադրման գործում ռուսական կողմի հետ առկա համագործակցությունը՝ առավել քան տրամաբանական էր, որ այս հարցը ևս եղել է երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում: Հատկանշական է նաև, որ հայկական հումանիտար առաքելությունը գործելու է հայկական դրոշի ներքո, ենթարկվելու է միայն հայկական հրամանատարությանը, իսկ նրա տեղակայման և գործունեության իրավական կողմը կարգավորվում է հայ-սիրիական միջկառավարական պայմանագրով:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքական օրակարգին, այն ևս եղել է բավական լայն՝ ՀՀ ներքաղաքական գործընթացներից մինչև հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացում: Հանդիպումից հետո ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ որոշ առանցքային խնդիրների հետ կապված կողմերին հաջողվել է գալ համաձայնության կամ առնվազն դիրքորոշումների հստակեցման: Նման խնդիրներից մեկն էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա փոխարինման հարցն է: Այս թեմայով թեև կողմերն ունեցել են քննարկում, սակայն իրավիճակի վերջնական հանգուցալուծումը գտնվում ՀԱՊԿ կարգավորման դաշտում, ուստի նախատեսվում է շարունակել խորհրդակցությունները կառույցի մյուս անդամների հետ:

Ամփոփելով ՀՀ վարչապետի մոսկովյան աշխատանքային այցը, թերևս այն կարելի է գնահատել դրական և բովանդակային: Թեև այն թվով երրորդն է, սակայն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համակողմանի և խորը քննարկումների տեսանկյունից առաջինն էր: Դատելով նախնական պաշտոնական գնահատականներից՝ այն լուծել է իր գլխավոր խնդիրը՝ ռուսական իշխանությունների հետ ապահովել անկեղծ երկխոսություն երկկողմ հարաբերություններում առկա տարբեր, այդ թվում՝ զգայուն հարցերի շուրջ՝ առավել հստակեցնելով մոտեցումները, դառնալով միմյանց համար ընկալելի և առավել կանխատեսելի: Գործընթացն, իհարկե, պետք է կրի շարունակական բնույթ, և այս առումով Վ. Պուտինի կողմից Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերն ընդունելը բավական կարևոր է:

քաղաքագետ

Նարեկ Մինասյան

Հայերեն

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան