Սիրիական բանակի վճռորոշ ճակատամարտը մոտ է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրիական պատերազմը, կարծես թե, մտնում է վերջին փուլ. Իդլիբ նահանգը միակ շրջանն է, որը դեռ ամբողջությամբ գտնվում է ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կոալիցիայի վերահսկողության տակ: Նահանգում, որը սահմանակցում է Լաթակիա, Համա և Հալեպ նահանգներին, իսկ արևմուտքից՝ Թուրքիային, 2017թ. Աստանայի համաժողովից հետո ստեղծվել էր առաջին ապաէսկալացիոն գոտին: Իդլիբում իրենց դիտակետերը հիմնել են Թուրքիան (12), Ռուսաստանը (10) և Իրանը (7):

Սիրիայի հյուսիսային նահանգում ռազմական գործողություններին պատրաստվում են հակամարտության հետ առնչություն ունեցող գրեթե բոլոր դերակատարները. Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում օգոստոսի 30-ին հայտարարել էր, որ բանակը պատրաստ է գնալ մինչև վերջ, և Թուրքիան պետք է հասկանա, որ Իդլիբը սիրիական հող է, Ռուսաստանը Միջերկրական ծովում Ռազմածովային նավատորմի զորավարժություններ է սկսել, իսկ սեպտեմբերի 5-ին օդային հարվածներ իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Թուրքիան Սիրիայի հետ սահման է ուղարկել ռազմական տեխնիկա, Իրանի աջակցությունը ստացող ուժերը մոբիլիզացվել են հարավում, բացի այդ, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 3-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ «ահաբեկիչները պետք է դուրս շպրտվեն, որպեսզի շրջանը վերադառնա վարչակարգին», իսկ Իրանի Պնախարարն ավելի վաղ Դամասկոսում ստորագրել է երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Ի դեպ, այս գործընթացներից անմասն չի մնացել նաև Իսրայելը, որը սեպտեմբերին 4-ին Համայում իրանական դիրքերի ուղղությամբ հրթիռներ է արձակել:

Իդլիբում ռազմական գործողությունների դաժան հետևանքների մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ մարդասիրական աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, Իրանը և Ռուսաստանը պետք է հրաժարվեն ուժային գործողություններից, ինչին ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վտանգավոր, ողջ Սիրիայում տիրող իրավիճակի բացասական ներուժի վրա:

«ԱՄՆ-ում ուշի ուշով հետևում են, որ Սիրիայի կառավարամետ ուժերը Իդլիբում քիմիական հարձակում չիրականացնեն՝ վստահ լինելով, որ ապստամբների մոտ քիմիական զենք չկա»,-հայտարարել է ԱՄՆ-ի Պնախարար Ջեյմս Մատիսը: Հումանիտար աղետի մասին նախազգուշացրել են նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան, ով կողմերին կոչ է արել հումանիտար միջանցք բացել շուրջ 2.9 մլն խաղաղ բնակչությանը տարհանելու համար:

Իդլիբի շուրջ զարգացումները մեծ նշանակություն ունեն հատկապես Թուրքիայի համար, որը մի կողմից աջակցում է զինյալներին, մյուս կողմից հայտարարում, որ ռազմական գործողությունների հետևանքով իր երկրում կավելանա փախստականների թիվը: Ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այս հարցի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը շատ կարևոր է, և հույս հայտնել, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում նախատեսված է Իրան-Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ բանակցությունների միջոցով կկարողանան փոխհամաձայնության գալ: Սակայն ըստ Սիրիայի կառավարությանը մոտ գտնվող «Watan» թերթի՝ երեք երկրները Թեհրանում կորոշեն սիրիական բանակի ռազմական գործողությունների մեկնարկի ժամը, որը, ինչպես սպասվում է, սկսվելու է հանդիպումից անմիջապես հետո:

Հատկանշական է, որ Իդլիբը զինյալներից ազատագրելը կարևորագույն ձեռքբերում կլինի Սիրիայի համար, կվերականգնվի տնտեսական և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դամասկոս-Հալեպ մայրուղին, որի 100 կմ-ն անցնում էր Իդլիբով, Սիրիայի կառավարական զորքերը կվերահսկեն երկրի տարածքի գրեթե մեծ մասը՝ բացառությամբ հյուսիսային մի քանի շրջանի, որոնք գտնվում են Թուրքիայի և Սիրիայի ազատ բանակի ազդեցության տակ (Աֆրին, Մանբիջ), քրդերի (հյուսիս-արևելյան հատված), և մի փոքր հատված էլ՝ ԻԼԻՊ-ի: Իդլիբի ազատագրումը կապահովագրի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայրենի Լաթաքիա նահանգը, որտեղ տեղակայված է նաև ռուսական ռազմաբազան: Սրանից հետո, ամենայն հավանականությամբ, առանցքային է դառնալու հյուսիսային շրջանների հարցը, որը Դամասկոսը կփորձի վերադարձնել իր վերահսկողության տակ: Քրդերը վերջին ամիսներին փորձել են կապեր հաստատել Սիրիայի կառավարության հետ, քննարկել պատերազմի 7 տարիների ընթացքում իրենց ձեռք բերածը պաշտպանելու և դաշնություն ստեղծելու հարցը, սակայն սիրիական կողմը մերժել է այդ առաջարկը՝ նշելով, որ ոչ մի նահանգ չի առանձնանալու:

Արմինե Բեյբության, արաբագետ

Հայերեն

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան