Քաղաքականություն

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծելու մասին

3 րոպեի ընթերցում

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորումը նախաձեռնում են ստեղծել «Սասնա ծռեր» անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 23-ին այս մասին հայտնեց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Ըստ նրա՝ կուսակցության նպատակն է դառնալ ազգային քաղաքական կյանքի առաջատար մասնակից:

«Սասնա ծռեր» անվանումը խորհրդանշում և արտահայտում է կուսակցության նպատակները, գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը: «Սասնա ծռեր» անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայության համախմբել, «Սասնա ծռեր» էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող, նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ: Ըստ այդմ՝ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել, և գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա հայկական պետությունը»,- ասաց Ավետիսյանը:

Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության մտահաղացման՝ հայությունն ունի իր օրինակով արարչության լույսը տարածելու և հաստատելու համամարդկային առաքելությունը:

«Նա պետք է վերատիրանա հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործական տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի և մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ»,- ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանը նշեց, որ կուսակցության «Սասնա ծռեր» անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ՝ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով:

«Ընդհակառակը՝ այդ երկուսը վերը նշված նույն արժեքային գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը որպես կառուցողական գործունեություն: Այս է պատճառը, որ «Սասնա ծռեր» խմբավորումն ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո, ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում հայտարարեց զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին: Իսկ խմբավորման բոլոր անդամների ազատ արձակումից հետո ընդհանրապես լուծարվելու է»,- ընդգծեց Ավետիսյանը:

Նա նաև հավելեց, որ առաջիկայում ձևավորվելու է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու առաջիկա անելիքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում