Ի՞նչ նպատակ են հետապնդում ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները 

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 16-ին կայացած Թրամփ-Պուտին առաջին պաշտոնական հանդիպումից հետո, երբ հնարավոր եղավ խոսել հանրային մակարդակում երկխոսության վերամեկնարկի մասին, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում: Սա թերևս ակնհայտ դրսևորվեց ՌԴ դեմ սահմանված ԱՄՆ նոր պատժամիջոցներով: Ստորև ներկայացնենք, թե ինչ են ենթադրում ԱՄՆ կողմից ՌԴ դեմ սահմանված նոր պատժամիջոցները և ինչ խնդիրներ է լուծում ԱՄՆ վարչակազմը, մասնավորապես Թրամփի թիմը, նման պատժամիջոցներ սահմանելով:

Ռուս նախկին լրտեսՍերգեյ Սկրիպալի և նրա դստեր նյարդակաթվածահարային նյութով թունավորմանն ի պատասխան՝ ԱՄՆ սահմանված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22-ին, նախատեսում են արտահանման արգելք մի շարք սարքավորումների վրա, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար: Կարևոր է փաստել, որ այս պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ պետդեպարտամենտի, այլ կերպ ասած, հենց Թրամփի թիմի կողմից: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նման արգելքները ՌԴ-ին կարժենան 100 միլիոնավոր դոլարների կորուստ առևտրային ոլորտում: Օգոստոսի 22-ից հետո Ռուսաստանի համար կսահմանվի 90 օր ժամկետ, որի ընթացքում վերջինս պետք է իրականացնի «ուղղիչ» քայլեր՝ տրամադրի ապացույցներ, որ ապագայում այլևս չի օգտագործի քիմիական նյութեր, ինչպես նաև թույլ կտա իրականացնել ստուգումներ համապատասխան վայրերում: Նշենք, որ սույն պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1991 թվականին ընդունված «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և ռազմական գործողությունների վերացման ակտ» օրենքի հիման վրա, որը, պահանջների չկատարման դեպքում, ենթադրում է պատժամիջոցների նոր փուլ, որոնք կարող են ներառել ՌԴ-ին ուղղված բանկային աջակցության դադարեցում, արտահանման և ներմուծման ավելի լայն սահմանափակումներ, դիվանագիտական հարաբերությունների իջեցում ավելի ցածր մակարդակի, ավիափոխադրողների վայրեջքի իրավունքի արգելք, ինչպես նաև ամերիկյան բանկերի կողմից ՌԴ կառավարությանը տրամադրվող վարկերի արգելք:

Սրան զուգահեռ օգոստոսի 1-ին Թրամփին ընդդիմադիր կոնգրեսականների կողմից ԱՄՆ Սենատում ներկայացվեց մեկ այլ օրինագիծ, որը ստացել է «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտ» անվանումը: Օրինագիծը հաստատում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Միացյալ Նահանգերը չեն ճանաչում Ղրիմի «բռնազավթումը», ինչպես նաև արգելում է ԱՄՆ վարչակազմին ՆԱՏՕ-ից դուրս գալուն ուղղված քայլեր ձեռնարկել։Օրինագծի ընդունման պարագայում ոչ ուշ քան 90 օրվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը պետք է ներկայացնի Կոնգրեսին որոշում՝ արդյոք ՌԴ-ը հանդիսանում է ահաբեկչությունը ֆինանսավորող պետություն, թե՝ ոչ: Բացի այդ, օրինագիծը լուրջ սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի ֆինանսական համակարգի համար։Օրինակ, օրինագծով արգելվում է ռուսական գլխավոր բանկերի՝ «Սբերբանկի», ՎՏԲ-ի, «Վնեշէկոնոմբանկի» և «Գազպրոմբանկի» գործունեությունն ԱՄՆ-ում։ Սակայն կարևոր է հիշեցնել, որ, որպեսզի սույն օրինագիծը դառնա օրենք, այն պետք է հաստատվի ԱՄՆ երկու պալատների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի կողմից:

Ի՞նչ խնդիրներ է լուծում ԱՄՆ վարչակազմը ՌԴ դեմ այս փուլում նոր պատժամիջոցներ սահմանելով: Կարող ենք փաստել, որ օգոստոսի 22-ին սահմանված պատժամիջոցներով Թրամփի թիմը փորձում է լուծել առնվազն երեք խնդիր:

Առաջին, փորձել սիրաշահել ԵՄ դաշնակիցներին և մեղմել նրանց հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը, ինչը նախևառաջ դրսևորվեց երկու կողմից հնչող նոր մաքսատուրքեր սահմանելու, ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքներով, ինչպես նաև ԵՄ դաշնակիցների մտավախությամբ, որ ՌԴ հանդեպ ԱՄՆ նախագահի զիջողական քաղաքականությունը կարող է սպառնալ ԵՄ անվտանգությանը:

Երկրորդ, Թրամփի թիմը փորձում է մեղմել ԱՄՆ ներսում Թրամփի դեմ ուղղված «ռուսական շահերը սպասարկելու» վերաբերյալ մեղադրանքները, որն ավելի սրվեց Պուտին-Թրամփ առաջին պաշտոնական հանդիպումից հետո:

Օգոստոսի 22-ին սահմանված պատժամիջոցներն, ամենայն հավանականությամբ, լուծում են նաև երրորդ ամենակարևոր խնդիրը, այն է՝ փորձել խուսափել Սենատում ներկայացված «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին ակտ» օրինագիծը ստորագրելուց, եթե այն հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից: Այս պատժամիջոցների առկայության պարագայում Թրամփի թիմը կարող է հիմնավորել հավելյալ պատժամիջոցների դեռևս ոչ նպատակահարմար լինելու փաստը:

Կարևոր է փաստել, որ Սենատում ներկայացված օրինագիծը նախատեսում է ոչ միայն լուրջ պատժամիջոցներ ՌԴ դեմ, այլ նաև փորձում է սահմանափակել Թրամփի ազատ որոշումներ կայացնելու իրավունքն արտաքին քաղաքական որոշ հարցերում, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու հնարավորությունը: Հատկանշական է, որ արտաքին քաղաքականության հարցում Թրամփի թիմի և կոնգրեսականների միջև բազմիցս են տարաձայնություններ նկատվել, և սույն օրինագիծը կարելի է համարել այս տարաձայնությունների վառ դրսևորումներից մեկը: Վերջերս դա նաև դրսևորվեց 2019 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեի փաստաթղթում տեղ գտած որոշ ձևակերպումների շուրջ, այդ թվում՝ վերաբերող ՌԴ-ԱՄՆ ռազմական ոլորտում համագործակցության սահմանափակումներին: ԱՄՆ նախագահը հրապարակային ձևով ևս մեկ անգամ Կոնգրեսին հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահը հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Սկրիպալի գործով օգոստոսի 22-ին ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ Թրամփի թիմը փորձելու է ժամանակ շահել և կանխել Սենատում ներկայացված օրինագծով սահմանվող ավելի խիստ պատժամիջոցները, որոնք, ինչպես նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, կարող են հանգեցնել ՌԴ-ԱՄՆ «առևտրային պատերազմի»:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան