Վերլուծություն

Հայաստանի նկատմամբ հետաքրքրության ավելացման առաջին դրսևորումը. զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 10%-ով

5 րոպեի ընթերցում

Հայաստանի նկատմամբ հետաքրքրության ավելացման առաջին դրսևորումը. զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 10%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 10.2 %-ով: Զբոսաշրջիկների թվի աճին նպաստող գլխավոր գործոնը վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ ուշադրության և հետաքրքրության ավելացումն է:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Այդ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 63590-ով կամ 10.2%-ով: Այդ ընթացքում Հայաստանից մեկնել է 610 հազար 950 զբոսաշրջիկ, ինչը 40550-ով կամ 7.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հարկ է նշել, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել622 հազար 381 զբոսաշրջիկ,իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով:

Հրապարակված թվերից կարելի է եզրակացնել, որ թեև արձանագրվել է աճ, սակայն ոլորտի աճի տեմպը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, քանի որ առկա են էական խնդիրներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության վրա:

Այդ խնդիրներից կարելի է առանձնացնել շրջակա միջավայրի պահպանման ցածր մակարդակը, ճանապարհների վատ վիճակը, տրանսպորտային համակարգի թերզարգացվածությունը, որակյալ աշխատուժի պակասը, Երևանից դուրս զբոսաշրջային ենթակառուցվածքների և հյուրանոցային տնտեսությունների սակավությունը, երկրի բրենդինգի, առաջմղման և նոր ծառայությունների զարգացման ցածր արդյունավետությունը։

2015-2018 թթ. առաջին կիսամյակներում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 1,67 անգամ: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը հայկական արմատներ ունեն: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան լինում է Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները՝ Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: Առաջին տասնյակում են նաև Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Կանադան: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր` ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար (370 հազար դրամ): Զբոսաշրջության տեսանկյունից Հայաստան այցելելու առավել գրավիչ ասպեկտներն են՝ մշակութային ժառանգությունը, ծառայությունների որակը, հյուրընկալությունը, սնունդը և բնությունը:

Զբոսաշրջությունը ՀՀ Կառավարությունը հռչակել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը, քանի որ այն կարող է հանդիսանալ հզոր խթան երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի և զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացման, թույլ զարգացած հատվածներում եկամուտների աղբյուրների ձևավորման և աշխատատեղերի ստեղծման գործընթացներում։

Սակայն ներկայիս աճի տեմպը բավարար չէ զարգացման առկա պոտենցիալի յուրացման և շոշափելի սոցիալ-տնտեսական արդյունք ստանալու համար։ Թռիչքային զարգացումը կարող է ապահովվել միայն համալիր և համակարգված քաղաքականության, հստակ թիրախների ընտրության , ռազմավարության և գործուն ծրագրի սահմանման ու իրագործման միջոցով:

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը գտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում օտարերկրացիների շրջանում երկրի հանդեպ հետաքրքրությունը աճել է, ինչն ինքնին նոր հեռանկարներ է ստեղծել զբոսաշրջության զարգացման ոլորտում:

Նոր Կառավարությունը իր ծրագրում զբոսաշրջության զարգացումը ոչ միայն համարել է տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, այլ նաև ակնկալում է աննախադեպ աճ՝ պայմանավորված վերջին շրջանի քաղաքական իրադարձություններով:

Կառավարությունը առանձնացրել է նաև մի շարք քայլեր, որոնք դրական արդյունք կապահովվեն զբոսաշրջային ոլորտի զարգացման գործընթացում: Սակայն հարկ է նշել որ չպետք է բավարարվել դրանով, այլ անհրաժեշտ է շարունակել վերացնել ոլորտի մրցունակության բարձրացմանը խոչընդոտող ցանկացած, թեկուզև՝ չնչին խնդիր:

Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում