Անմիջական ու սիրալիր մարդիկ, գեղեցիկ կառույցներ ու համեղ սնունդ. Հայաստանը սիրելու զբոսաշրջիկների պատճառները

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի աճի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները տեսանելի են Երևանի փողոցներում, ուր կարելի է հանդիպել ամենատարբեր կողմից մեր երկիրը տեսնելու եկած օտարերկրացիների:

«Արմենպրես»-ը Հանրապետության հրապարակում և դրան հարակից փողոցներում զրուցել է անցորդ-զբոսաշրջիկների հետ, փորձել հասկանալ ինչ տպավորություններ ունեն Հայաստանից:

17-ամյա Ռիշան և Վիկտորիան շատ են սիրել Հայաստանը, մասնավորապես այստեղի մարդկանց ու միրգը։ «Մենք այստեղ ենք արդեն 7 օր, հասցրել ենք տեսնել մի շարք հիշարժան վայրեր, հնագույն եկեղեցիներ: Մարդիկ շատ ընկերական են, մրգերն էլ՝ շատ համեղ»,-նշում են նրանք: Ասում են՝ էլի Հայաստան կգան, այն իդեալական վայր է արձակուրդն անցկացնելու համար: «Իմ մայրիկը խոսել է իր ընկերների հետ, և մենք մտածում ենք հաջորդ տարի ևս գալ Հայաստան արձակուրդներին»: Վիկտորիայի կարծիքով՝ շատերը պետք է իմանան Հայաստանի մասին, իսկ դրա համար հարկավոր է զբոսաշրջությունը զարգացնել:

Վլադիմիրին, ով Կրասնոդարի երկրամասից է, շատ է դուր եկել Երևանը, քանի որ օդը մաքուր է՝ Ռուսաստանի քաղաքների համեմատությամբ: «Անմիջական ու սիրալիր են հայերը, բայց լինում են ֆինանսական դժվարություններ, Սևանում ռեստորանում էինք ու մեզ դուր չեկավ, որ մեզ խաբեցին»,-նշում է նա: Հնգօրյա հանգստի ընթացքում այլ խնդիրների չեն հանդիպել: «Շրջել ենք Երևանում, այցելել Սևան, Գառնու տաճար, մեզ շատ է տպավորել ճարտարապետությունը»: Հարցին՝ գիտեն հայերեն բառեր, ասում է՝ ոչ. «Շատ հայեր ռուսերեն խոսում են, անկեղծ ասած՝ չգիտեմ հայերեն բառեր: Ավելի շատ շփվում ենք ռուսերեն, երբեմն նաև անգլերեն»:

Նիդեռլանդներից ժամանած Վիլն ասում է՝ եղել է Հայաստանի բոլոր անկյուններում՝ աջից ձախ. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, հատկապես ինձ դուր են գալիս շենքերը, եկեղեցիներն ու բնությունը: Սա իմ առաջին այցելությունն է, եթե հնարավորություն ունենամ, գուցե վերադառնամ»: Հայկական սնունդը սիրել է, սակայն, ցավոք, ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի և իրեն շատ բաներ թույլ տալ չի կարող: «Հայերեն բառեր գիտե՞ք» հարցին պատասխանում է. «Ոչ, մենք ունեինք գիդ, որի հետ շփվում էինք անգլերեն, հայերեն բառեր սովորելու կարիք չի առաջացել»,-նշում է նա:

Սինգապուրցի Թայանը մեզ հետ զրույցի պահին շտապում էր տեսնելու Սևանա լիճը: Նրա խոսքով՝ Հայաստան է ժամանել Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան այցելություններից հետո, մեր երկրի մասին նրան պատմել են Թեհրանում: «Հրաշալի երկիր է, շատ ընկերական: Շատ հաճելի է, որ իրանական սահմանից 8 ժամ է մինչև Երևան»։ Մյուսների նման նա էլ հայերեն բառեր չգիտի, քանի որ այստեղ կարող է օգտագործել անգլերենն ու ռուսերենը:

Բելգիայից ժամանած Ուիլյամն ու Նիկիան վաղուց էին պլանավորում գալ Հարավային Կովկաս: «Հայաստանն ու Վրաստանը երկար ժամանակ իմ այցելությունների ցանկում էին: Բացի այդ՝ ես ունեմ կոլեգաներ Հայաստանից: Որոշեցի գալ ու տեսնել Երևանն ու լավ մարդկանց»,-ասում է Ուիլյամը: Նրա խոսքով՝ պատրաստվում են տուր իրականացնել Հայաստանի բոլոր տեսարժան վայրերով: Գիտի հայերեն «բարի լույս» և «շնորհակալություն» ասել։

Ներգնա տուրօպերատորների տվյալներով՝ Հայաստանի ավանդաբար ամենից հաճախ այցելվող վայրերի ցանկում էական փոփոխություններ չեն գրանցվել: Արտասահմանցի, նաև հայ զբոսաշրջիկներն ամենից շատ նախընտրում են Գառնին, Գեղարդը, Սևանը, Տաթևը, Խոր Վիրապն ու Նորավանքը: Այցելում են նաև Ծաղկաձոր, Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծին, Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Օձունի և Ախթալայի վանքեր:

Էքստրիմի սիրահարները այցելում են Ենոքավան՝ զիփլայնով թռչելու, Խնձորեսկ, Լաստիվեր, Շաքիի ջրվեժ, Թռչունների քարանձավ, Արենի: Գյուղական կյանքի սիրահարները մասնակցում են լավաշի թխման գործընթացին: Հաճախ այցելվող վայրերից է նաև Բյուրականի աստղադիտարանը, Երևանում էլ Լևոն վարպետի քարանձավ-թանգարանը:

Վիճակագրություն

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 685 հազար 971 զբոսաշրջիկ, ինչն ավելի քան 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2017-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ, 2016-ի համեմատ աճը 18.7 տոկոս է։

2017-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 264 հազար 702-ը որպես կացության վայր ընտրել են հյուրանոցային տնտեսության օբյեկտները: 1 միլիոն 230 հազար 077-ը մնացել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացնում միայն հյուրանոցային օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների վերաբերյալ՝ որ երկրից են, ինչ նպատակով են այցելել Հայաստան: Այսպիսով՝ նրանց 20.3 տոկոսը Ռուսաստանից է, 1.7-ը՝ Ուկրաինայից, 1.4-ը՝ ԱՊՀ այլ երկրներից: 4.4 տոկոսը եկել է Գերմանիայից, 4.1 տոկոսը՝ Ֆրանսիայից, 2.7 տոկոսը՝ Միացյալ Թագավորությունից, 2.1-ը՝ Իտալիայից, 0.7-ը՝ Նիդեռլանդներից: Իրանից ժամանել է 14.2 տոկոսը, Միացյալ Նահանգներից՝ 13.6, Վրաստանից՝ 2.9, Կանադայից՝ 2.6, Թուրքիայից՝ 0.7:

2017-ին զբոսաշրջային գործակալությունների միջոցով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 52.8 տոկոսը այստեղ է եկել հանգստի և ժամանցի նպատակով, 23.9 տոկոսը՝ գործնական, 0.2-ը՝ բուժման, 23.1 տոկոսն էլ՝ այլ նպատակներով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Անի Նազարյան

Հայերեն English

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել