Տարածաշրջանային

ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:

Ողջունելով երկրում երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը վերացնելու որոշումը՝ նրանք ընդգծել են, որ դա լավ հնարավորություն է Թուրքիայի իշխանությունների համար՝ երկրում վերականգնելու քաղաքացիական ազատությունները, օրենքի գերակայությունը, ժողովրդի հիմնարար ազատությունները:

Միաժամանակ, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները նշել են, որ Սելահաթթին Դեմիրթաշը և մյուս ընտրված խորհրդարանականները պետք է ազատ արձակվեն և կատարեն պարտականություններն այն անձանց առջև, ովքեր ընտրել են նրանց:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել էին:Ներկայում կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը հասնում է 9-ի:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում մի շարք մեղադրանքներով, այդ թվում և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինել, դրդել հանցագործություն կատարելուն և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում