ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ ռեժիսոր, արձակագիր, բանաստեղծ և օպերատոր Չեժիյան Ռամալինգամի «Վարձով է տրվում» կինոնկարն արծարծում է Հնդկաստանում բնակարան վարձելու խնդիրները: «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի խաղարկային մրցույթին մասնակցող ֆիլմի ռեժիսորը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր երկրում միավորվում են մի քանի ընտանիք մեկ բնակարանում ապրելու համար: Հաճախ մեկ տան մեջ հաստատվելու համար երեսուն մարդ է հերթագրվում` ներկայացնելով իր կրոնը, կաստայական պատկանելիությունը, անգամ բուսակեր լինելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեժիյան Ռամալինգամը փաստեց, որ Հնդկաստանում հաստատված միջազգային ընկերությունների աշխատողները դոլարով են վարձատրվում, իսկ տեղացիները հնդկական ռուփիով են վճարվում: «Բնակարանների վարձը չափազանց բարձր է, և դրանք հասնում են օտարներին, իսկ տեղացները հեռանում են արվարձաններ»,-պատմեց նա:
Ֆիլմի սյուժեն ծավալվում է մի ընտանիքի կյանքի ու ապրած ժամանակի շուրջ: Նրանք բնակվում են մի ննջարան ունեցող վարձու բնակարանում: Համեստ ձգտումներ ունեն և անշուք երազանքներ:Տանտիրուհին, որն ագահության մարմնացում է, ուզում է բնակարանը վարձով տալ ուրիշին, ով ավելի շատ կվճարի: Տեղեկանալով վտարման մասին` Իլանգոն ստիպված էիր աղքատիկ եկամտին համապատասխան բնակարան փնտրել: Նա կնոջ ու տղայի հետ բնակարանի փնտրտուք է սկսում՝ պարզելով, որ տարբեր դասի ու շերտերի պատկանող մարդկանց տարատեսակ, հեռու կամ մոտ վարձու բնակարանների դռները կանխավ փակ են իր առաջ: Ծայրահեղ հուսահատ վիճակում նա ի վերջո որոշում է իր ինքնությունը կեղծել:
Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են` կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է: