Հասարակական

Նարինե Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Նարինե Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը հիմնադրամի տնօրենի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ կփորձի հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը: «Կան խնդիրներ, որոնք մանրամասն կներկայացնենք առաջիկայում: Մենք պարոն Դեմոյանի հետ, իր տնօրեն եղած տարիներին, աշխատել ենք շատ լավ, նորմալ մարդկային հարաբերություններ ենք ունեցել»,-ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ դեռևս չի որոշել, կզբաղեցնի՞ տնօրենի աշխատասենյակը, թե ոչ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ Նարինե Մարգարյանը անկախ մարդ է և երբեք կոնֆլիկտների մեջ չի եղել հիմնադրամի աշխատակիցների հետ: « 14 տարի թանգարան-ինստիտուտում լինելով՝ նա բավական տիրապետում է ինստիտուտի ներքին խնդիրներին, գիտական խնդիրներին, և, կարծում եմ, դա այս պահին լավագույն լուծումն էր»,-ասաց Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Նարինե Մարգարյանին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը կկայանա հուլիսի 16-ին, որի ընթացքում էլ կորոշվի հիմնադրամի տնօրենի ընտրության օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում