Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները ստեղծում են լավ հիմք երկու բարեկամ պետությունների համագործակցության հետագա զարգացման համար:

Փոխվարչապետը կարևորել է ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տնտեսությունում և անհրաժեշտ համարել մեր երկրում ֆրանսիական ներդրումների շարունակականությունն ու հետագա ընդլայնումը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիական կազմակերպությունների դերը հայկական տնտեսության մեջ՝ դրանց կողմից եվրոպական գործարար մշակույթը Հայաստան բերելու և աշխատակիցների արդյունավետությունը բարձրացնելու ունակության առումով:

Փոխվարչապետը նաև դրվատանքով է խոսել հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր օղակ հանդիսացող Հայաստանում ֆրանսիական համալսարանի և մեր երկրի աշխատաշուկայում մրցունակ համալսարանի շրջանավարտների մասին:

Ֆրանսիայի դեսպանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին, հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա ստեղծել ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայր և կյանքի կոչել առաջ քաշած բարեփոխումների ծրագրերը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հնարավորությունների և հեռանկարի վերաբերյալ:

Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ մինչ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան հայ-ֆրանսիական համագործակցության նոր ձեռքբերումներ և հաջողությամբ իրականացված նախաձեռնություններ կլինեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում