Հասարակական

Բիզնեսի 16 գործընկեր. գործարարների աջակցության ակումբը շարունակում է համալրվել

4 րոպեի ընթերցում

Բիզնեսի 16 գործընկեր. գործարարների աջակցության ակումբը շարունակում է համալրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության ակումբն այսօր համալրվել է 7 նոր անդամ-կազմակերպություններով։ Համագործակցության հուշագրերն այսօր կազմակերպությունների ղեկավարների հետ ստորագրել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Ակումբի անդամների թիվը ներկայում 16 է։ Անցած ամիս ակումբի 9 անդամների աջակցությունից օգտվել է 18 գործարար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

7 նոր ընկերությունները հարկային, հաշվապահական, իրավական, բիզնես խորհրդատվական և ապահովագրական ոլորտներից են, որոնք պարտավորվել են «Բիզնես Արմենիա»-ի շահառու տնտեսվարողներին անվճար կամ որոշակի զեղչով ծառայություններ մատուցել։

«Սմարթ Քոնսթրաքշնը» անվճար կատարում է հողատարծքի նախնական զննում, ստուգում սեփականության և կադաստրային փաստաթղթերի համապատասխանությունը, աջակցում ճարտապետա-հատակագծային առաջադրանքի հաստատման և շինարարության թույլտվություն ստանալու գործընթացին։ 20 տոկոս զեղչով իրականացնում է ճարտարապետա-նախագծային, ճարտարագիտական, երկրաբանական աշխատանքներ։ 50 տոկոս զեղչով՝ շինարարական նախագծեր։

«Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտսը» անվճար ընկերության գրանցումից առաջ խորհրդատվություն է տրամադրում լավագույն իրավական կարգավիճակի, մինչև 5 ժամ՝ հաշվապահական, հարկային, իրավաբանական հարցերի վերաբերյալ։ 20 տոկոս զեղչով մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման, 10 տոկոս զեղչով՝ իրավաբանական խորհրդատվություն։

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ռիսկերի բացահայտման և կառավարման անվճար խորհրդատվություն է տրամադրում։ 10-15 տոկոս զեղչով իրականացնում է տրանսպորտային միջոցների, գույքի, առողջության, շինմոնտաժային ռիսկերի, բեռնափոխադրումների ապահովագրություն։

«Ի-Վի Քոնսալթինգը» տրամադրում է ընդհանուր տնտեսական և ճյուղային վերլուծություններ, ֆինանսական աղբյուրների և սխեմաների վերաբերյալ խորհրդատվություն։ Մինչև 15 տոկոս զեղչով խորհրդատվություն՝ ռազմավարությունների մշակման, ներդրումային, մարքեթինգային, գործունեության արդյունավետության բարձրացման և մարդակային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

«Պրոսերվիզ Լ» ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման անվճար աուդիտ է անցկացնում։ 20 տոկոս զեղչով տրամադրում է անձնակազմի կառավարման խորհրդատվություն, տեղադրում ավտոմատացված համակարգ, կազմակերպում դասընթացներ։

«ԱՐԼԻԱՆ» խորհրդատվական և թրեյնինգային ընկերությունը անվճար ախտորոշում է տնտեսվարող սուբյեկտի վիճակը, գնահատում վաճառքներով զբաղվող աշխատակազմի մասնագիտական կարողությունները, տրամադրում խորհրդատվություն, մշակում է մարքեթինգային եռամսյա բյուջե։ 20 տոկոս զեղչով տրամադրում է բիզնեսի կառավարման, պլանավորման, մարքեթինգային խորհրդատվություն, անցկացնում կադրային աուդիտ։

«Ավենյու քընսալթինգ գրուփը» մշակում է կոմերցիոն պայմանագիր, տնտեսության որևէ ճյուղի, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վերաբերյալ տրամադրում է հակիրճ վերլուծություն։ Ընկերության բոլոր ծառայությունները՝ 30 տոկոս զեղչով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում