Սփյուռք

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հայերը մտածում են տուն վերադառնալու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեդիա կենտրոնում հունիսի 22-ին կայացած հարցազրույց-ասուլիսին այս մասին ասաց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Նա վերադառնալու ցանկություն ունեցողներին երկու խմբի բաժանեց` մարդիկ, ովքեր հոգեբանորեն շատ կապված են մնացել հայրենիքին, բայց ինչ-ինչ պատճառներով գաղթել են Ամերիկա, և մարդիկ, ովքեր անապահով են, օրինակ՝ Հարավային Կալիֆորնիայում ապրող հայերը, որտեղ կյանքը շատ է թանկացել: «Ամերիկայի հայերն ամեն օր հետևում են նորություններին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում հայրենիքում, ինչպես նաև ակնկալելով նոր բացահայտումներ»,-ասաց Սինանյանը:

Նրա խոսքով`մարդկանց մի խումբ կա, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք և որոշել են հաստատվել այստեղ: «Բիզնես միջավայրը ևս հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու պահանջարկով»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ովքեր Հայաստան են գալիս իրենց հանգիստն անցկացնելու նպատակով, Սինանյանը նշեց, որ նրանք մի շարք խնդիրների են բախվում այստեղ: «Նախ՝ Ամերիկայից Հայաստան հասնելը բավական թանկ հաճույք է, այստեղ չկան էլեկտրոնային պորտալներ հեռախոսների համար նախատեսված, որպեսզի, օրինակ, ԱՄՆ Վերմոնտ նահանգից Հայաստան եկող զբոսաշրջիկը կարողանա կողմնորոշվել տեղանքում, ինֆորմացիոն վակուում կա»,-նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանից ԱՄՆ տեղափոխվողներին՝ Գլենդելի քաղաքապետը հավելեց, որ շատ հաճախ մարդիկ բախվում են աշխատանք ունենալու խնդրի հետ: «Մարդու կրթությունն ու աշխատանքային փորձը շատ դեպքերում չեն հետաքրքրում տեղի գործատուներին, և մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ սկսել զրոյից»,-ընդգծեց բանախոսը:

2018 ապրիլի 4-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Զարեհ Սինանյանին ընտրել է քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը Զարեհ Սինանյանը զբաղեցնում է 2-րդ անգամ։ Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ է ընտրվել 2013թ-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում