Սպորտ

Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի առաջին խաղում Կազան քաղաքի համանուն մարզադաշտում Ֆրանսիան մրցեց Ավստրալիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակտիվ պայքարով մեկնարկեց Ֆրանսիայի ազգային թիմը, որը հիմնականում տիրում էր իրավիճակին: «Կապույտները» մի քանի հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ: Խաղակեսի վերջնամասում արդեն հակառակ պատկերն էր` գնդակին և խաղային իրավիճակին ավելի շատ տիրում էին Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Երկրորդ կեսում` 56-րդ րոպեին, Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի դեմ պայքարում սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները: Մրցավարը, օգտվելով տեսակրկնության հնարավորությունից, նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց նույն Գրիզմանը` 1:0: Չէր անցել 10 րոպե էլ, երբ կրկին 11 մետրանոց հարված նշանակվեց արդեն հակառակ դարպասին: Ֆրանսիայի հավաքականի կազմում սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Ումտիտին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Եդինակը` 1:1:

Ֆրանսիայի հավաքականը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել արագ հակագրոհներից մեկի ժամանակ: 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: Ի վերջո ավստրալացիներին չհաջողվեց հետ բերել կորցրածը, և Ֆրանսիան մունդիալի մեկնարկայի խաղում հաղթանակ տոնեց:

Ֆրանսիայի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով Պերուի հետ, իսկ Ավստրալիան նույն օրը կխաղա Դանիայի հետ:

C խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 20:00-ին Պերուն կմրցի Դանիայի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում