Տարածաշրջանային

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ակտիվիստներն ի պաշտպանություն Ադրբեջանում գործող ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» REAL կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի բողոքի ակցիա են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ակցիան իրականացվել է հունիսի 14-ին՝ Իլգար Մամեդովի ծննդյան օրը:

Ակցիայի մասնակիցները երկինք են բաց թողել փչովի գնդակներ, ի նշան ազատության, և որպեսզի դրանք տեսնի նաև Մամեդովը:

Ակտիվիստները վանկարկել են «Հանրապետականները երբեք չեն հանձնվում և ազատություն Իլգարին» կարգախոսները:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:

«Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև ՄԻԵԴ առաջին որոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում