Վրացագետը հայ-վրացական հարաբերությունները խորացնելու առումով մեծապես կարևորում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն այդ երկիր
2 րոպեի ընթերցում
![Վրացագետը հայ-վրացական հարաբերությունները խորացնելու առումով մեծապես կարևորում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն այդ երկիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/935292.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այդ պաշտոնում առաջին այցը Վրաստան շատ կարևոր էր միջպետական այցելությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը
«ՀՀ նախագահ ընտրվելուց Արմեն Սարգսյանն առաջին այցը կատարեց Վրաստան: Թեև այն աշխատանքային էր, սակայն օրակարգը բավականին հագեցած էր՝ շատ կարևոր հանդիպումներ Վրաստանի նախագահի և վարչապետի հետ, հանդիպումներ արտասահմանցի այլ ղեկավարների հետ, ովքեր Թբիլիսիում էին»,-ասաց Մելիքյանը:
Նա կարևորեց նաև ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով շաբաթներ առաջ է վերադարձել ակտիվ ներքաղաքական կյանք՝ որպես «Վրացականերազանք-ժողովրդավարականՎրաստան»կուսակցության ղեկավար: Վրացագետն առանձնացրեց նաև Արմեն Սարգսյանի ելույթը, որը շատ դրականորեն լուսաբանեց մամուլը: Փորձագիտական համայնքի կողմից արձագանքներ ևս եղան: «Հայ-վրացական հարաբերություններում շատ դրական մթնոլորտ է ստեղծվում: Ստեղծվել է հնարավորություն հարաբերություններն ավելի խորացնելու և նոր փուլ մտնելու»,-եզրափակեց նա:
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մայիսի 25-26-ը Թբիլիսիում ներկա է գտնվել Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառումների շրջանակում զրույցներ է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։