ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2010 թվականի Մունդիալը ոսկե տառերով գրվեց իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: Իսպանացիները Մունդիալի ֆավորիտի կոչման համար «աշխատել էին» դեռևս 2008 թվականից, երբ նվաճեցին Հին մայրցամաքի ուժեղագույն հավաքականի տիտղոսը: Սակայն, որքան էլ զարմանալի էր, առաջնության հենց առաջին իսկ խաղում նրանք նվազագույն հաշվով պարտվեցին շվեյցարացիներին: Սա միաժամանակ հաստատեց տարածված այն կարծիքը, որ ֆուտբոլը գեղեցիկ է անսպասելիությամբ և անկանխատեսելիությամբ:
Պատմական ակնարկ
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը կազմավորվել է 1920 թվականի: Նույն տարում էլ եղել է իսպանացիների դեբյուտը: «Կարմիր Ֆուրիան» աշխարհի առաջնությունների որակավորման փուլը հաղթահարել է 14 անգամ: Իսպանացիների մունդիալյան երազը սկսվեց 1934 թվականի աշխարհի առաջնությունից: «Կարմիր ֆուրիան» քառորդ եզրափակչում պայքարը զիջեց ապագա չեմպիոն Իտալիայի հավաքականին: Բաց թողնելով ևս մեկ Մունդիալ, իսկ հետո` 1950 թվականի բրազիլական առաջնությունում Իսպանիայի հավաքականն արդեն չորրորդ տեղում էր: Հասնելով նման բարձունքի, իսպանացիները հաջորդ երկու ԱԱ-ում անգամ չորակավորվեցին: 1962, 1966 թվականներին անցկացված Մունդիալներում բավարարվեցին խմբային փուլով: 1970, 1974 թվականներին կրկին չանցան որակավորման փուլը: 1978 թվականից ի վեր իսպանացիները միշտ եղել են աշխարհի առաջնության հիմնական հյուրերից մեկը: 1986, 1994, 2002 թվականների առաջնություններում Պիրենեյան թերակղզու ֆուտբոլիստները հասան մինչև քառորդ եզրափակիչ:
Միայն 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ-ի ժամանակ իսպանացիները հասան բաղձալի գավաթին: Հետաքրքրական է, որ իսպանացիները խմբային փուլի երեք խաղերում խփել էին 4 և բաց թողնել միայն 1 գնդակ: Իսկ 1/8, քառորդ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի ընթացքում «Կարմիր ֆուրիա»-ն խփեց միայն 4 գնդակ (մեկական գնդակ յուրաքանչյուր խաղում), անառիկ պահելով սեփական դարպասը:
ՖԻՖԱ-ի պատմության մեջ բացառիկ փաստ է այն, որ, 2008 թվականին նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը Իսպանիայի հավաքականըդարձավ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը: Սա միակ հավաքականն է, որը գլխավորում էր դասակարգման աղյուսակը` երբևէ չհաղթելով աշխարհի առաջնություններում:
Ճանապարհ դեպի Ռուսաստան
«Կարմիր Ֆուրիան» Մունդիալի որակավորման փուլում հայտնվել էր եվրոպական գոտու G խմբում: 10 խաղերից հավաքելով 28 միավոր և չկրեցին ոչ մի պարտություն: Իսպանիան խմբում զբաղեցրեց առաջին տեղը իրենից հետ թողնելով Իտալիայի ազգային ընտրանուն: Դիեգո Կոստան, Իսպոն, Մորատան և Սիլվան աչքի ընկան 5-ական գոլերով:
Խումբը, հնարավորությունները, մրցակիցները
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը B խմբում ` Պորտուգալիայի, Իրանի և Մարոկկոյի թիմերի հետ միասին: Իսպանացիները ոչ միայն խմբում են ֆավորիտ, այլև ամբողջ մրցաշարի: Մունդիալի ամենասպասված հանդիպումներից առաջինը կկայանա հենց այս խմբում` հունիսի 15-ին Իսպանիայի հավաքականը կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա Սոչիի «Ֆիշ» մարզադաշտում: Հաջորդիվ` հունիսի 20-ին «Կարմիր Ֆուրիան»-ն Կազանում ուժերը կչափի Իրանի, իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 25-ին Կալինինգրադում կխաղա Մարոկկոյի հավաքականի հետ:
Հավաքականը…
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը Մունդիալին կմասնակցի հետևյալ կազմով` դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Աթլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»): Պաշտպաններ. Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիսոլա («Ռեալ Սոսյեդադ»): Կիսապաշտպաններ. Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»): Հարձակվողներ. Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Աթլետիկո»):
Իսպանացիները միշտ էլ իրենց կազմում ունեցել են ֆուտբոլիստներ, որոնք համաշխարհային ֆուտբոլի ներկայացուցիչներ են: Հանդես են գալիս մեծագույն ակումբներում և մեծ փորձ ունեն կուտակած: Իսպանիայի դարպասը պաշտպանող Դավիդ դե Խեան մեր օրերին եթե ոչ լավագույն, ապա առաջնակարգ ֆուտբոլիստներից Է: Կիսապաշտպանական գծում «Կարմիր ֆուրիան» ունեցել է և ունի իր կամքը թելադրող մասնագետներ: Թեպետ այս առաջնությանը չի մասնակցի իսպանական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Ալվարո Մորատան, սակայն հարձակման գծում նրան արժանի փոխարինողները հաստատ կլինեն:
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 8-րդ տեղում է:
Կազմեց` Վարվառա Հայրապետյանը
A խումբ
Ռուսաստան
Ուրուգվայ
Եգիպտոս
Սաուդյան Արաբիա