Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին ներկայացրել է Ոստիկանության և ԱԱԾ աշխատակազմերին

2 րոպեի ընթերցում

 Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին ներկայացրել է Ոստիկանության և ԱԱԾ աշխատակազմերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմերին է ներկայացրել նոր ղեկավարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

«Տեղյակ եմ, որ սոցիալական ցանցերում Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում որոշակի հարցեր է առաջացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ավելի ուշ առանձին կանդրադառնա այդ հարցին:

Փաշինյանը Կառավարության շենքում է, ուր առաջին անգամ վարում է ՀՀ կառավարության նիստը:

Վալերի Օսիպյանը 2009 - 2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

Արթուր Վանեցյանը 38 տարեկան է, շուրջ մեկուկես տասնամյակ աշխատում է Ազգային անվտանգության ծառայության համակարգում, ունի գնդապետի կոչում։ Մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում