Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է. Ալեքսանդր Իսկանդարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնության կառավարության ձևավորումն անհրաժեշտություն է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, նրան խորհրդարանում աջակցություն է անհրաժեշտ:

«Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է: Հասկանալի է, որ խորհրդարանական փոքրամասնությունը, եթե կառավարություն կազմի, ապա այն երկար չի տևի: Հասկանալի է նաև, որ կադրերի խնդիր կա, իսկ Փաշինյանի շրջապատում շատ չեն կադրերը: Դրանից բացի, նրա շուրջ եղած մարդիկ հանրահավաքների լիդերներ էին, իսկ թե ինչպես իրենք իրենց կդրսևորեն կառավարման ոլորտում, այլ հարց է: Նրանք, ովքեր խորհրդարանում աջակցեցին Փաշինյանին, հասկանալի է, որ դա արվել է ոչ նրա գեղեցիկ աչքերի համար: Եվ որպեսզի առաջացած խնդիրները լուծվեն, եղած պահանջները բավարարվեն, դրա համար անհրաժեշտ է աջակցություն խորհրդարանում: Քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ օրենսդրական ճանապարհով, հետևաբար այս փուլում համաձայնեցված կառավարության ձևավորումն անհրաժեշտություն է»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ընդգծեց, որ ներկայում ակնհայտ է մի բան, քաղաքական ուժերի միջև շատ ինտենսիվ քննարկումներ են ընթանում:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա քաղաքագետը նշեց, որ ընթանում է պայքար, թե արդյո՞ք ՀՀԿ դերը կպահպանվի հետագա քաղաքական իրողությունում: Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, փորձ արվեց փոքր-ինչ հետքայլ անել՝ պահպանելով Հանրապետականն իր ունեցած դերով: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այդ փորձը չհաջողվեց և արդեն հանրապետականները ստիպված էին ևս զիջել, ինչն արեցին մայիսի 8-ին: Եվ հիմա նրանց կողմից, ամեն ինչ արվում է, որ կուսակցությունը միասնական պահպանվի ու հետագա իրողություններում որևէ դիրք զբաղեցնի խորհրդարանում:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ քաղաքագետը նշեց, որ փոքր-ինչ բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Խոսվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ է խորհրդարան, և որպեսզի խորհրդարանում այդ փոփոխություններն ընդունվեն, պետք է աջակցություն: Դրան հասնելու համար կամ պետք է նրանց հետ պայմանավորվել կամ շարունակել ճնշումը փողոցից, կամ և՛ նա, և՛ նա»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ դա ժամանակ կպահանջի: Նա հավանական է համարում, որ հանրապետականները երկու ոտքը կդնեն մի կոշիկի մեջ և կփորձեն դեմ կանգնել ցանկացած փոփոխության, սակայն դա նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվի, որովհետև ճնշումը կշարունակվի: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ քաղաքագետը շատ կարճ ժամկետներում ընտրությունների անցկացում չի ակնկալում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում