Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանին տարբեր խողովակներով առաջարկել են քննարկել պաշտպանության նախարարի պաշտոնում մնալու հարցը

3 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանին տարբեր խողովակներով առաջարկել են քննարկել պաշտպանության նախարարի պաշտոնում մնալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն անիմաստ է համարում քննարկումներն այն մասին, որ նա կարող էր տեղ զբաղեցնել Հայաստանի նոր կառավարության կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սարգսյանն ասաց պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե նա առաջինն էր, ում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում, Սարգսյանը նախ նկատեց, որ չի լսել նման հայտարարություն Փաշինյանից: «Երկրորդը, չէի էլ ակնկալում, որ նա պետք է ինձ տեսնի: Ինչքան էլ տարբեր լինեն մեր հայացքները, ես հարգանքով եմ վերաբերում պարոն Փաշինյանին, և եթե նա իմ մասին ունենար նման կարծիք, որ կարող էր ինձ առաջարկել մնալ պաշտպանության նախարար, իմ կարծիքը նրա մասին շատ կփոխվեր»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ բոլորն էլ հասուն մարդիկ են, ունենք լիարժեք պատկերացում գործընթացների վերաբերյալ և շատ բնական ու նորմալ է, որ չի ստացել նման առաջարկ: «Եթե ստանայի նման առաջարկ, նախապես մի քանի խողովակով հնչեցրել եմ, թե ինչպիսին կլինի իմ արձագանքը: Ընդ որում` ասել եմ, որ եթե այդպիսի առաջարկ լինի արված հանրայնորեն, իմ պատասխանը ևս լինելու է շատ հանրայնորեն, ինչը ցանկալի չի հետագա գործընթացների համար»,- հայտարարեց նա:

Սարգսյանն անիմաստ համարեց քննարկելը մի բան, որն ի սկզբանե իր համար ընդունելի չէ: Լրագրողի հարցին, թե արդյոք տարբեր խողովակներով եղել են առաջարկներ, որպեսզի նա շարունակի պաշտոնավարումը որպես պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Այո, մի քանի խողովակով եղել է քննարկում, թե որքան լավ կլինի, եթե շարունակեմ ծառայությունս: Չեմ կարող ասել, թե այդ խողովակները կապված են անձամբ Փաշինյանի կամ նրա թիմի հետ, բայց եղել են բավականին տարբեր մարդիկ և պաշտոնյաներ, ովքեր առաջարկել են քննարկել դա»:

2016 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը մայիսի 8-ին ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել է, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում