Քաղաքականություն

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում

2 րոպեի ընթերցում

 Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը հույս հայտնեց, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ կկարողանա նոր կառավարություն կազմել և լուծել հանրությանը հուզող խնդիրները՝ լինեն դրանք տնտեսական, անարդարության, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, բարեկեցության հարցեր: «Ես իմ ներդրումն անպայման պետք է ունենամ և կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինի բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ: Այնպես որ ես հույս ունեմ, որ վաղն իսկապես ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է»,-ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ում հետ ինքը գործնական և շատ հարգալի հարաբերություններ ունի:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքն առաջադրվել է Հանրապետության երրորդ նախագահի առաջարկով: «Կարևորն այն է, որ ես պատրաստ եմ և ծառայում եմ իմ երկրին: Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ: Նույն Ազգային ժողովը, որն ընտրել է ինձ, ընտրել է նաև պարոն Փաշինյանին: Խնդիրն այն է՝ կարողանալու ենք մենք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ և ես, և մեր հայ ժողովուրդը, երազում է և երազել է 26 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը ՀՀ ազգային ժողովի կողմից նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 2-ին և պաշտոնը ստանձնել է ապրիլի 17-ին: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին՝ խորհրդարանում ստանալով 59 կողմ և 42 դեմ ձայն: Նա պետք է 15-օրյա ժամկետում ձևավորի նոր կառավարություն, իսկ 20-օրյա ժամկետում ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում