Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կուսակցության որոշման մասին հայտարարել է ԺԴԿ համանախագահ Փերվին Բուլդանը՝ նշելով. «Սելահաթթին Դեմիրթաշը միայն քրդերի թեկնածուն չէ, նա նաև այս երկրում բնակվող հայերի, ասորիների, ալևիների թեկնածուն է»:

Իր թեկնածության մասին պաշտոնական հայտարարության հնչեցումից հետո կուսակցության մյուս համանախագահ Սեզայի Թեմելլին ընթերցել է 2016 թվականի նոյեմբերից Էդիրնեի բանտում գտնվող Դեմիրթաշի ուղերձը: Դեմիրթաշը դիմել է իր բոլոր կողմնակիցներին՝ ասելով, որ անելու է հնարավոր ամեն բան ընտրություններում հաղթելու համար: «Սակայն այստեղ ձեռքերս ու ոտքերս կապված են: Այժմ դուք եք իմ ձեռքը, իմ ձայնը»:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը դեռևս չի հաստատել նրա թեկնածության գրանցումը նախագահական ընտրություններում, սակայն այս հարցում որևէ իրավական խոչընդոտ չկա, քանի որ նա անգամ կալանավորումից հետո շարունակում է մնալ որպես մեջլիսի պատգամավոր:

Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:

Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել էր 2014 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 7 տոկոս ձայն:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը հանդես են գալու միասին՝ «Հանրապետական դաշինք»-ի ներքո: Նրանց կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ ևս որոշում են կայացրել խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով՝ ի հակակշիռ «Հանրապետական դաշինք»-ի: Դաշինք կազմած ընդդիմադիր կուսակցություններն են քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ», «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները: Այդուհանդերձ, այս կուսակցությունները նախագահական ընտրություններին մասնակցում են իրենց թեկնածուներով:

Մասնավորապես, քեմալական կուսակցության թեկնածուն Մուհարեմ Ինջեն է, «Լավ» կուսակցության թեկնածուն՝ այդ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները:

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին են գրանցել նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ Դողու Փերինչեք, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ Թեմել Քարամոլլաօղլու և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցությունը՝ Վեջդեթ Օզ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան